Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց ԱԺ նիստերը բոյկոտելու և Արցախ մեկնելու մասին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարեց, թե Հայաստանի և Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել՝ պայմանավորված միջազգային գլոբալ ճգնաժամով, նաև՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ վարքագծով։
Նա ընդգծեց, որ անընդունելի են համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում. «Համոզված ենք, որ ՀՀ օրվա իշխանություններն անկարող են լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ։ Վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանաթուրքական օրակարգով, կա սպառնալիք ՀՀ տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը»։
Ըստ Օհանյանի՝ այսպես կոչված խաղաղության պայմանագրով ժողովրդին պատրաստում են նոր զիջումների, նոր պարտության ու նվաստացման։
Նրա խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությունն իրեն իրավիճակին ոչ համարժեք է դրսևորում։ «Ելնելով ստեղծված վիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը, հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգը, հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին։ Մենք մեկնում ենք Արցախ և սահմանամերձ մարզեր»։
Ելույթի ավարտին Օհանյանը նաև ԱԺ ամբիոնին տեղադրեց Արցախի դրոշը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, թե իրենք չեն մասնակցելու ԱԺ այս նիստերին՝ մեկնելով Արցախ՝ լինելու են մեր հայրենակիցների կողքին։
Այնուհետև երկու խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը։
Իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսյանյանը, ելույթի համար մոտենալով ԱԺ ամբիոնին, այնտեղից հեռացրեց ընդդիմության տեղադրած Արցախի դրոշը։