ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության բոյկոտին և Արցախ մեկնելու որոշմանը, հիշեցրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ ԱԺ ընտրություններից հետո արած հայտարարությունը։
«Օհանյանը մի արտահայտություն էր արել, որի միտքը հետևյալն է՝ ԱԺ անցնելն իրենց համար խրամատ է, որտեղ պետք է պայքարեն։ Նրանք եկան ԱԺ, խրամատավորվեցին այս նստարաններին, զբաղվում էին շշանետումներով, ծեծկռտուքներ էին հրահրում, փորձում էին ամեն կերպ արժեզրկել ԱԺ-ն, պարալիզացնել։ Կարծես թե, համարում են, որ իրենց առջև դրած խնդիրն այստեղի խրամատում լուծել են և հիմա մեկնում են Արցախ՝ հավանաբար նորից խրամատավորվելու, և, ամենայն հավանականությամբ, նորից խրամատավորվելու ընդդեմ ՀՀ իշխանությունների, ընդդեմ ՀՀ ժողովրդի»։
Անդրադառնալով Արցախի դրոշը ԱԺ-ում և ՀՀ տարբեր հատվածներում տեղադրելու՝ ընդդիմության նախաձեռնություններին, Կոնջորյանը հայտարարեց, թե չի հասկանում դրա տրամաբանությունը, երբ արվում է ընդդեմ որևէ մեկի. «Արցախի դրոշն ու Արցախը բոլորիս սրտերում և մտքերում են։ Նրանք Արցախի շահերը չեն պաշտպանում Հայաստանից դուրս և Արցախի դրոշը տեղադրում են այստեղ՝ ընդդեմ մեզ, կարծես պաշտպանում են Արցախը։ Խորհրդարանական ընդդիմությունը պատերազմի մունետիկն է, իր այս քայլով ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում է, ավելի է սրում ՀՀ-ի և Արցախի անվտանգային խնդիրները»։ Ըստ Կոնջորյանի՝ խորհրդարանական ընդդիմությունը պատերազմի մունետիկն է։