Ապրիլի 5-ին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հանրահավաք էին կազմակերպել, որի ավարտին Ֆրանսիայի հրապարակում տեղադրեցին Արցախի դրոշը: Սակայն ԱԺԲ ներկայացուցիչները ներկեցին ԼՂ դրոշը՝ պատճառաբանելով, թե Հայաստանն ու Արցախը միասնական են, հետևաբար, պետք է լինի ՀՀ դրոշը:
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով կատարվածին, նշեց. «1990-ականների արցախյան պատերազմը, Եռաբլուրը, որ գոյացել է, նրա համար չեն, որ այսօր Արցախի դրոշը Հայաստանի որևէ հրապարակում ծածանվի, ինչ-որ մարդիկ էլ փորձեն եռագույն սարքել, ինչ-որ մարդիկ՝ չթողնեն դրոշը փոխել ու դրանով հպարտանան՝ իբրև հերոսություն: Տղերքը դրա համար չեն զոհվել, տղերքը զոհվել են, որովհետև Ղարաբաղում ապրող ժողովուրդն ուզում է ազատ, անկախ պետության մեջ ապրել՝ իր մայր Հայաստանի հետ միասին»:
Անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած խնդրիներին՝ Սահակյանը շեշտեց. «Իհարկե, մեր երկրի օրակարգը դա չի, բայց մենք հասել ենք նրան, որ մեր երկրում Արցախի դրոշի տեղադրումը կարևոր է: Մեր երկրի օրակարգը Արցախն իր՝ այլևս անտեսված վիճակից դուրս հանելն է, ինչը միայն օգնություն ուղարկելով չի: Արցախի հարցը տարբեր ատյաններում՝ որպես ազատ, անկախ պետություն, պետք է քննարկվի, Արցախը պետք է լինի անկախ»:
Սահակյանը, չմոռանալով մեղադրել ներկա իշխանություններին, նշեց. «Այսօրվա իշխանությունները ժամանակին հրապարակում գոռում էին, որ Արցախը Հայաստան է, ու վերջ, բա ի՞նչ եղավ դա: Հիմա ինչ-որ տարբեր կողմերից մարդիկ գնում ու դրոշ են տեղադրում, բացատրություն էլ չեղավ՝ ի՞նչ են ուզում դրանով ասել, ի՞նչ նպատակ ունեն: Հասել ենք նրան, որ Արցախի դրոշը տեղադրելը հերոսություն է»:
ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ կարևորը մոռացել ենք, ու Արցախի դրոշի տեղադրումը ընկալում ենք հերոսություն, «այնինչ, այն ժամանակ մենք պայքարում էինք տարբեր երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումն ստանալու համար»:
Ըստ Սահակյանի՝ մեր հիմնական օրակարգը այլ է. «Այնտեղ մարդիկ ապրում, արարում են, քնում են, չգիտեն՝ կարթնանան, պատերազմ կլինի, իրենց կմորթեն, թե՝ չէ: Առնվազն ինչ-որ մի բան շեղված է, մենք պետք է սթափվենք ու իրական խնդիրներից ետ չկանգնենք»:
Ոսկեհատ Պողոսյան