ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն բարդացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել ֆրանսիական եւ ամերիկյան կողմերի՝ ռուս գործընկերների հետ աշխատելուց հրաժարվելու մասին։
Արարատ Միրզոյանը, սակայն, նշել է. «Ինձ այլ նորություններ են հասնում։ Հաշվի առնելով այդ կոնկրետ ազդանշաններն ու ուղերձները, որոնք ես ստացել եմ համանախագահներից եւ շատ այլ երկրներից, ես կցանկանայի հաստատել, որ չնայած ադրբեջանցի գործընկերները կրկնում են, որ Մինսկի խումբը դադարել է գոյություն ունենալ, քանի որ «այլեւս չկա ԼՂ հակամարտություն», չկա նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» անունով տարածաշրջան, միջազգային հանրությունը շարունակում է տեսնել ԼՂ հակամարտության կարգավորումը. Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում, ինչը շատ հուսադրող է»։