ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել Բրյուսելում երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպումից։
Նա հայտարարեց, որ քննարկում է եղել ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես՝ Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի. «Նաև պետք է ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքն, այնուամենայնիվ, ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների մասին է։ Այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք»։
Նա հիշեցրեց, որ այդ թեմայով արդեն հրապարակել է ՀՀ դիրքորոշումը. «Մենք ակնկալում ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար։ Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և թատերաբեմում ՌԴ խաղաղապահ զորքերի գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը, ինչի մասին խոսել եմ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հեռախոսազրույցների ընթացքում»։