Քաղաքական

«ԱՄՆ պետքարտուղարի զանգն Ալիևին դնում է շրջանակների մեջ». Ռուբեն Մեհրաբյան

«ԱՄՆ պետքարտուղարի զանգն Ալիևին դնում է շրջանակների մեջ». Ռուբեն Մեհրաբյան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ՝ ապրիլի 4-ին, հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ իր խրախուսանքի խոսքը հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունների կապակցությամբ։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից առաջ Բլինքենի զանգերն այն բանի վկայությունն են, որ ԱՄՆ-ն համակ ուշադրությամբ հետևում է ղարաբաղյան կարգավորման, ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների ընթացքին, նաև՝ ուղղակի կերպով այդ հարաբերությունների նորմալացման շահագրգռվածությունն է արտահայտում։

Radar Armenia-ի հետ զրույցում Մեհրաբյանը կարևորեց, որ Բլինքենն իր խոսքում նշել է, թե ԱՄՆ-ն դատապարտում է ՌԴ մուտքը Ուկրաինա. «Այսինքն, Երևանին ու Բաքվին հստակ ուղերձ է հղում՝ հեռու մնալ ՌԴ-ից, որովհետև ՌԴ-ի հետ ցանկացած հարաբերություն այլևս տոքսիկ է։ Ելնելով դրանից՝ այդ կապերն ու հարաբերությունները պետք է առավելագույնս սահմանափակել, և հարաբերությունների կարգավորումը տեղի ունենա նաև այդ համատեքստում։ Այդ իմաստով՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի կենսական շահերը միանգամայն համընկնում են, ինչը չի կարելի ասել Ալիևի ռեժիմի պարագայում, որովհետև վերջինս առանց ռուսական գործոնի հնարավորություն չունի այն ձևով լկտիանալ, որով լկտիանում է»։

Քաղաքագետի խոսքով՝ բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ Բլինքենի զանգը Երևան և Բաքու օբյեկտիվորեն ուժեղացնում է Երևանի բանակցային դիրքերը, ինքն իրենով զսպող գործոն է դառնում Ադրբեջանի ուղղությամբ ու Ալիևին դնում է շրջանակների մեջ. «Ես սա կգնահատեմ որպես խիստ դրական զարգացում՝ Հայաստանի և Արցախի անվտանգության շահերի տեսակետից»։

Անդրադառնալով Բլինքենի հայտարարությանը, թե ԱՄՆ-ն, երկկողմանի և համախոհ գործընկերների հետ ներգրավվածությամբ, պատրաստ է օգնել երկրներին՝ երկարաժամկետ համապարփակ խաղաղությանը հասնելու հարցում, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահի՝ իր դերակատարմամբ, Մեհրաբյանն ասաց, որ ԱՄՆ-ն ընդունում է, որ ՌԴ-ն Մինսկի խմբի համանախագահ է, բայց, դե ֆակտո, ամեն բան կախված է ՌԴ հետագա վարքից. «Պետք չէ պայծառատես լինել՝ հասկանալու համար, որ քանի Պուտինը ողջ է, ՌԴ-ի վարքը չի փոխվելու»։

Քաղաքագետը նաև նշեց, թե Փաշինյան-Ալիև կայանալիք հանդիպումից չպետք է բարձր ակնկալիքներ ունենալ. «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակասություններն այնքան խորն են, որ դժվար լուծվեն մեկ հանդիպմամբ։ Բեկումներ սպասել պետք չէ, սակայն, որպես գործընթացի կարևոր հանգրվան, պետք է վերաբերվել զուսպ օպտիմիզմով»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական