Խաղաղության օրակարգ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձնաց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքից, այնպես էլ Արցախի տարածքում 2020 թվական նոյեմբերի 9-ի դրությամբ դիրքերին։ Այս մասին ասվում է այսօր՝ ապրիլի 5-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի եզրափակիչ քաղաքական հայտարարության մեջ։
«Հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության հրավիրված հանրահավաքի մասնակիցներս՝ անկախ մեր գաղափարաբանական և քաղաքական տարբերությունների, վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը: Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես ՀՀ ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի տարածքում 2020-ի նոյեմբերի իննի դրությամբ դիքերից: Հանրահավաքի մասնակցիներս առաջնորդվում ենք հետևյալ հիմնարար սկզբունքներով.
1. Հաստատել, որ ՀՀ-ն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով:
2. Բացառել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում
3. Բացառել առանց ՀՀ հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակը:
4. Քայլեր ձեռնարկել 1994թ. ԵԱՀԿ գագաթաժողովում ամրագրված ձևաչափով բանակցային գործընթացի վերականգման ուղղությամբ:
5. Բացառել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամարդումը:
6. Բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում և սահմանազատման և սահմանագծման ցանկացած գործընթաց՝ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում:
7. Չստորագրել Ադրբեջանի հետ որևէ պայմանագիր, որը կխաթարի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացումը:
8. ՀՀ-Թուրքիա հարաբերություններում բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը:
Այս սկզբունքները բխում են հայ ժողովրդի կենսական շահերից, ուստի ցանկացած իշխանություն պարտավոր է առաջնորդվել այս օրակարգով և ապահվել դրա իրականացումը: Այս օրակարգի առաջադրումը չի նշանակում պատերազմ, այլ իրական, արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու պատրաստակամություն է: Ներկայացված սկզբունքների չիրականացումը կհանգեցնի համաժողովրդական լեգիտիմ հակազդեցության՝ բոլոր հնարավոր միջոցներով և եղանակներով:
Ազատության հրապարակ, 5 ապրիլի, 2022թ.»: