Քաղաքական

Ընդդիմությունը մեկ ժամով կփակի Ֆրանսիայի հրապարակը՝ զետեղելով Արցախի դրոշը

Ընդդիմությունը մեկ ժամով կփակի Ֆրանսիայի հրապարակը՝ զետեղելով Արցախի դրոշը

Երևանի Ազատության հրապարակում շարունակվում է ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» կարգախոսով հանրահավաքը։

Իր ելույթում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց, որ փաստացի վտանգի տակ են Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը և Արարատի մարզի Երասխ բնակավայրը. «Հայելային հետքաշումը տարածքները խաղաղ ձևով հանձնման քաղաքականության մի մասն է կազմում, և սա պետք է կանխել»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը շեշտեց, որ Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ արդեն Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում ոտնձգություններ է սկսել արցախցիների նկատմամբ, հոգեբանական ճնշումների է դիմում և ստեղծել է հումանիտար աղետ, պարտադրում է մեր հայրենակիցներին, որ լքեն իրենց տները. «Ադրբեջանը հայ-ադրբեջանական համաձայնագրի հիմքում պարտադրում է՝ Թուրքիայի ձեռքը բռնած, որպեսզի իրենց առաջարկած հինգ կետերը լինեն այդ համաձայնագրի հիմքում։ Հինգ կետ, որոնք վերլուծաբան պետք չէ լինել, որպեսզի հասկանաս, որ դրանք միայն Ադրբեջանի շահերից բխող կետերն են»: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով՝ այս խաղաղությունն Ադրբեջանի համար նշանակում է Արցախի՝ որպես ինքնորոշված Հանրապետության վերացում. «Այս խաղաղությունը Թուրքիայի համար նշանակում է Ցեղասպանությունը մարսել։ Մի բան, որի դեմ 100 տարի ամբողջ հայությունը և աշխարհը պայքարել են։ Մենք առաջարկում ենք բոլորովին այլ, բացառապես ապրելու ընտրություն՝ ապրել ոչ թե նվաստացած, ինչպես ուզում են իշխանությունները այլ արժանապատվորեն»: 

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ Արցախի խնդրի հայանպաստ լուծման միակ տարբերակը Մինսկի խմբի համանախագահների կողմից հայտարարված հիմնարար սկզբունքներն են. «Ես մի բան գիտեմ, որ չպայքարենք, հաստատ հաջողության չենք հասնի»:

«Այսօր այս հրապարակից հայտարարում ենք նոր պայքարի սկիզբը»։ Այս մասին իր Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Սեղանին դրված է մեր հայրենիքի հարցը, գիշեր-ցերեկ պետք է աշխատենք, կո՛չ եմ անում բոլորին՝ համազգային դիմադրությամբ, միասնությամբ պայքարել, մենք պայքարելու ենք հանուն Հայաստանի ու Արցախի, օրվա իշխանությունները՝ հանուն իրենց իշխանության, համազգային դիմադրությմաբ պետք է հասնենք հաղթանակի»։

Սաղաթելյանը հավելեց, որ մեկ ժամով կփակեն ֆրանսիական հրապարակի 4 մուտքերը, հրապարակի մեջտեղում Արցախի դրոշը կզետեղվի, ինչը խորհրդանշում է, որ պայքարը հանուն Արցախի է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական