Քաղաքական

Հայաստանին պետք է ժամանակ շահել. Խզմալյան

Հայաստանին պետք է ժամանակ շահել. Խզմալյան

Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից ակնկալիքների մասին Radar Armenia-ն զրուցել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ։

- Բրյուսելում կայանալիք բանակցություններից ի՞նչ ակնկալիքներ ունեք։

-Ես կարծում եմ, որ Հայաստանին անհրաժեշտ է շահել ժամանակ։ Մենք գործ ունենք շատ անսովոր իրավիճակի հետ, որը բացարձակապես նման չէ այն իրավիճակին, որը գնում էր դեռ 50 օր առաջ։ Պատերազմը Ուկրաինայում կտրուկ փոխեց քաղաքականության համակարգը և, մեծ հաշվով, մենք պետք է անենք մոտավորապես այն, ինչ Ուկրաինան է անում Ռուսաստանի վերաբերյալ։ Նկատի չունեմ պատերազմի առումով, այլ՝ քաղաքական առումով։ Մենք պետք է շահենք այն ժամանակը, որը անհրաժեշտ է իրավիճակը միջազգային իրավունքի դաշտ վերադարձնելու համար և այդ առումով շատ կարևոր է, որ բանակցությունները տեղի են ունենում Բրյուսելում, որովհետև հենց Եվրոմիությունից և Միացյալ նահանգներից ենք մենք ակնկալում արցախյան հարցի վերջնական լուծումը, Մինսկի խմբի արևմտյան համանախագահների հետ, որովհետև Ռուսաստանը, փաստացի, դուրս է եկել Մինսկի խմբից դեռևս 2020թ. նոյեմբերի 9-ին՝ քանդելով այդ քաղաքական ճարտարապետությունը։ Ադրբեջանը գտնվում է այն դաշտում, որտեղ Ռուսաստանը։ Հայաստանը պետք է գրավի այն դիրքը, որը հիմա համաշխարհային համակրանքի, աջակցության և գթասրտության առումով գրավել է Ուկրաինան։ Եթե մենք ճիշտ դիրքավորվենք, ապա մենք կկարողանանք հետագայում շահել նաև տարածքը։

- Ռուսաստանն այնուամենայնիվ որևէ մասնակցություն ունենալու՞ է բանակցությունների հարցում։

-Ո՛չ։ Ռուսաստանը, փաստորեն, վտարանդի և մեկուսացված պետություն է և գտնվելով պատժամիջոցների տակ՝ որևէ լուրջ ակնկալիք մենք չենք կարող ունենալ, սակայն եթե մենք վարվենք խելացի, մենք առայժմ կարող ենք օգտվել Ռուսաստանի «ծառայություններից» և որոշ ժամանակ պահպանելով ռուսական խաղաղապահներին Արցախում՝ մենք նույնպես շահում ենք ժամանակը, մինչև որ նրանք կամ փոխարինվեն կամ համալրվեն միջազգային խաղաղապահներով։ Ես կարծում եմ, որ մեր ռազմական նպատակը պետք է լինի դա։

-Արդյո՞ք սա կարելի է համարել ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջին քայլ։

-Ասում են՝ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Մենք պետք է խոսենք խաղաղության մասին։ Մենք ոչ մի բառով, տառով չպետք է մեր իրական անհաշտությունը հանդես բերենք։ Եթե մենք լուրջ ենք և եթե ուզում ենք ազատագրել Արցախը, ապա մենք պետք է գործենք փուլերով։ Ես ճիշտ եմ համարում ժամանակի շահելը, այնպես, ինչպես փորձում է Ուկրաինան շահել՝ անգամ ժամանակավոր զիջելով որոշ տարածքներ, մինչև որ կփլուզվի չարի կայսրությունը։ Մեծ հաշվով, մենք պետք է անենք նույնը։ Համենայն դեպս, սա, որպես խորհուրդ, փոխանցեցի վարչապետին մեր վերջին հանդիպման ժամանակ։

-Վարչապետը նշում է, որ Ադրբեջանի կողմից առաջարկած 5 դրույթները, ընդունելի են, բայց հայկական կողմը նույնպես կետեր է առաջարկում։ Վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումների ժամանակ քննարկե՞լ եք, թե որոնք են հայկական կողմի դրույթները։

-Իրականում, հինգ, տասնհինգ կամ հիսունհինգ կետ, որոնք առաջարկում է Ադրբեջանը, էական չեն, եթե ընդունվի Հայաստանի ընդամենը մեկ կետը։ Այդ մեկ կետը Արցախի և արցախահայության կարգավիճակն է։ Դա է այն կետը, որը պնդում է Հայաստանը և դա մեզ կրկին բերում է Մինսկի խումբ։ Այսինքն՝ քանդում է եռակողմ՝ ռուս-թուրքադրբեջանական վերջնագիրը, որը գործում է առ այսօր և վերադարձնում է մեզ միջազգային իրավունքի դաշտ։ Ահա, թե ինչու ադրբեջանական կետերը էական չեն։ Դրանք բոլորը ժամանակավոր են և եթե մենք ընդունենք այդ կետերը, սակայն կարողանանք հրամցնել Արցախի կարգավիճակի հարցը, մենք այդ փուլում շահած ենք դուրս գալու։

-Իսկ դա հնարավո՞ր է

- Դա անհրաժեշտ է և դա պարտադիր պետք է արվի։ Հնարավոր է, թե չէ, քաղաքականության մեջ այդպիսի հասկացություն չկա։ Մենք առաջնորդվում ենք ոչ թե հնարավորություններով, այլ անհրաժեշտություններով և մենք ցանկացած գնով դրան պետք է հասնենք։ Ցանկացած այլ ձևաչափ մեզ համար բարդություն է։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական