TRT World-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների թեմային։ Հաջիևը մասնավորապես ասել է․
«Մենք հայկական կողմին ներկայացրել ենք խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները, նաև` պոտենցիալ խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դրանք ձևակերպված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա և հիմք են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար։ Եթե դուք ցանկանում եք բարիդրացիական հարաբերություններ հաստատել, այդ ամենը սկսվում է առաջին և ամենակարևոր որոշումից. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն իրենց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Պետք է նաև զերծ մնալ ուժի կիրառումից և ուժի սպառնալիքից։ Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ տարածքային այս պահանջներին։ Եվ հետո, սրանից ելնելով, մենք կկարողանանք առաջ շարժվել»։
Հաջիևը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան դիվանագիտական մակարդակով նույնպես սկսում է կապ հաստատել Հայաստանի հետ։ «Մենք աջակցում ենք այս գործընթացին, բայց միևնույն ժամանակ աջակցում ենք այս գործընթացի երկու ուղղությունների համաժամանակյա և զուգահեռ զարգացման գործընթացին՝ հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»: