ՀՀ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանը, հասկանալով, որ ԼՂ հիմնախնդիրն առկա է և ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգում, փորձում է ոչ թե լուծել այդ հարցը, այլ փակել այն. «Այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի Փառուխ գյուղից, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի։ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից՝ այդպիսով հարցը փակված համարելու համար։ Եթե սխալվում ենք, թող Ադրբեջանը ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի»։
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ պնդելով, թե ԼՂ չկա. «Նաև սա է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավականին ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունն օգտագործում է ԼՂ անվանումը։ Այս անվանման օգտագործումը, սակայն, միանշանակ և աներկբա լեգիտիմ է ու տրամաբանական։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ էլ հստակ արձանագրված են «ԼՂ», «ԼՂ հակամարտություն» եզրույթները։ Այդ հայտարարության տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»։
Վարչապետի խոսքով՝ այն, որ Ադրբեջանը որդեգրել և իրականացնում է «ԼՂ-ն՝ առանց հայերի» քաղաքականություն, հիմնավորվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանություններով։ «Դրանցից են Ադրբեջանի շարունակական պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է Պաշտպանության բանակը ԼՂ-ից դուրս բերելու պարտավորություն։ Սա առավել քան կամայական մեկնաբանություն է։ ԼՂ բանակի դուրսբերումը կնշանակի ԼՂ-ից հայերի դուրսբերում»։
Նա ընդգծեց նաև, որ մինչ օրս ամբողջությամբ իրականացված չէ նաև ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց վերադարձնելու մասին դրույթը, ինչի շուրջ աշխատանքները շարունակվում են։