ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ ՀՀ ԱԽ մարտի 28-ի հայտարարությանը, որտեղ նշված է նաև ԼՂ-ում Ադրբեջանի նոր սադրանքների նպատակների մասին։ Ըստ այդ հայտարարության՝ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաև ՀՀ-Ադրբեջան սահմանին։
Փաշինյանը պարզաբանեց. «Ինչպես 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ դրանից հետո Ադրբեջանը վարում է ՀՀ-ի և ԼՂ-ի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, բովանդակության ձևավորման քաղաքականություն»։
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը նախ դիվանագիտական և հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ ու մեկնաբանություններ, ապա՝ ՀՀ-ին մեղադրում դրանց չարձագանքելու, ապակառուցողական արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ. «ՀՀ-ին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում ինչ-որ պայմանավորվածություններ։ Հետո Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այս մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին էլ հաջորդում են ագրեսիվ գործություններ, որոնք արդեն արդարացվում են վերը նկարագրված խոսույթով»։
Ըստ Փաշինայնի՝ բազմիցս կրկնված այս գործելակերպը շարունակվում է նաև հիմա. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է ԼՂ-ի և ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել»։