Քաղաքական

«Լաչինի միջանցքի համեմատությունը ՀՀ տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է». Փաշինյան

«Լաչինի միջանցքի համեմատությունը ՀՀ տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է». Փաշինյան

Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի գործողությունների ակնհայտ նպատակը ԼՂ հայության էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելն է:

«Սրա մասին է վկայում նաև նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ադրբեջանական խեղաթյուրումը: Այդ կետը, հիշեցնեմ, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման, Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհի գործարկման մասին է: Հայաստանն այս թեմայով համապարփակ առաջարկություններ է ներկայացրել: Չմտնելով մանրամասների մեջ՝ ասեմ, որ մեր առաջարկի էությունը հետևյալն է. վերակառուցել Երասխ - Ջուլֆա - Օրդուբադ - Մեղրի - Հորադիզ երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ՝ սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային և այլ հսկողություններ»։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն այս դիրքորոշումը միաժամանակ և՛ ընդունում է, և՛՝ ոչ. «Նրանք ասում են, որ համաձայն են այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաև Լաչինի միջանցքում, և, այս դիրքորոշումը հիմնավորելու համար, հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը»։

Վարչապետի դիտարկմամբ՝ այս խոսույթը անհիմն է երկու պատճառով. «Նախ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ՀՀ որևէ տարածքի և դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա, բայց «Լաչինի միջանցք» արտահայտություն կա: Լաչինի միջանցքը ոչ թե կամ ոչ միայն ճանապարհ է, այլև՝ տարածք, որն ունի 5 կմ լայնություն: Այդ ողջ տարածքը, ըստ եռակողմ հայտարարության, գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ որևէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի»։

Նրա խոսքով՝ տարօրինակ են նաև Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի զուգահեռները՝ մի քանի պատճառներով. «Նախ՝ Նախիջևանը Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ՝ Իրանի և Թուրքիայի տարածքով, օդային կապ՝ Իրանի, Թուրքիայի և Հայաստանի օդային տարածքով: Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ՝ միայն Լաչինի միջանցքով, և Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից որևէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում»։

ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ արձանագրեց. «Լաչինի միջանցքի համեմատությունը Հայաստանի տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյություն չի նախատեսում, և Հայաստանը չի ընդունել և չի ընդունելու միջանցքային որևէ տրամաբանություն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական