Քաղաքական

«Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի գործողությունները կամ հնարավոր անգործությունը արժանանան պատշաճ քննության». Փաշինյան

«Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի գործողությունները կամ հնարավոր անգործությունը արժանանան պատշաճ քննության». Փաշինյան

Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Փառուխի իրադարձությունները հիմնավորում են, որ ԼՂ հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ։

Նրա խոսքով՝ նախկինում առաջարկել են լուծումներ, որոնք կնվազեցնեին կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակները և կլուծեին ռազմականացված շփման գծի հարցը. «Առաջարկի էությունը հետևյալն է. արձանագրել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ գիծը, գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի և պայմանավորվածությունների կատարումն ամրագրել կոնկրետ երաշխիքներով: Այս առաջարկությունը չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունն ակնհայտ է՝ հատկապես հիմա»։

Ըստ Փաշինյանի՝ Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում: Նրա խոսքով՝ տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը. «Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի: Մենք ցավով ենք արձանագրում սա և այն, որ, չնայած ՌԴ ՊՆ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, այսօրվա դրությամբ, շարունակվում է: Մենք ակնկալում ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար»:

Ըստ Փաշինյանի՝ ակնկալվում է նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները կամ հնարավոր անգործությունը կարժանանան պատշաճ քննության:

«Եկեք չմոռանանք նաև, որ այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ էին բացում: ԼՂ մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին և կրակում են բնակելի տների և գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց, տեխնիկայի ուղղությամբ. բնականաբար՝ ղեկին գտնվող մարդկանց: Նման դեպքեր են արձանագրվել Նոր Շեն, Ամարաս, Թաղավարդ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021թ. հոկտեմբերի 9-ին Մարտակերտում՝ ադրբեջանցի դիպուկահարի կողմից, սպանվել է գյուղաաշխատանքներ իրականացնող տրակտորիստ՝ տրակտորի ղեկին, խաղաղապահների ներկայությամբ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական