Քաղաքական

Բրյուսելում կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

Բրյուսելում կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

ԵՄ-ն տեղեկացնում է, որ Բրյուսելում կայացել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Այն կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

ԵՄ հաղորդագրության համաձայն, հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծումներ գտնելու համատեղ ջանքերը զարգացնելու նպատակով: Մասնավորապես, քննարկվել են 2022թ. ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։

Քննարկվել են նաև քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հարցերի ողջ շրջանակը` որպես երկու երկրների առաջնորդների՝ 2021թ. դեկտեմբերի 14-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների շարունակություն։

Զրուցակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում, որ շարունակեն քննարկումները մի շարք թեմաների շուրջ, այդ թվում նաև վերոնշյալ եռակողմ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ: Հայաստանն ու Ադրբեջանը նաև կանդրադառնան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերին:

Եվրամիությունը շեշտել է, որ հավատարիմ է շարունակելու իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական