ՀՀ Անվտանգության խորհուրդը մարտի 28-ի նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ այն գնահատելով խիստ լարված: ԱԽ հայտարարության և Արցախում ստեղծված իրավիճակի մասին Radar Armenia-ն զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանի հետ։
-Պարոն Մամիջանյան, ՀՀ ԱԽ հայտարարության մեջ նշվեց, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում ԼՂ ուղղությամբ նոր սադրանքների և հարձակման համար։ Ի՞նչ ուղերձներ կային այդ հայտարարության մեջ։
-ԱԽ հայտարարությունն իր կառուցվածքով և լեզվամտածողությամբ ինձ համար անհասկանալի էր, որովհետև ես նմանօրիանակ քաղաքական հռետորաբանությունը հասկանալ չեմ կարող, երբ կես էջից ավելի նկարագրվում է, թե ինչ վայրագ, լկտի և ռազմատենչ պահվածք ունի հարևան պետությունը, որից հետո վերահաստատվում է, որ հայկական կողմն ամեն գնով խաղաղության կողմնակից է։ Ավելին՝ այն, ինչ տեղի է ունեցել Փառուխում և Քարագլխում, Ներքին Հանդում, այն, ինչ ամիսներ առաջ տեղի է ունեցել Սյունիքի մարզում, մինչև այդ էլ՝ Սև լճի տարածքում, Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղության դարաշրջանի արշալույսն է։ Ա՛յ այդպիսին է Փաշինյանի խաղաղությունը, երբ գերեվարվում ու սպանվում են մեր զինվորները, իսկ այն մոտեցումը, թե «ինչ ուզում եք, մեզ արեք, ինչ ուզում եք, վերցրեք, միայն թե խաղաղություն լինի», անհեռանկար է և անապագա, որովհետև պատմությունը լավ սովորած մարդիկ պետք է որ իմանան, որ չի գալու մի պահ, երբ հակառակորդի ախորժակը հագենալու է, չի գալու մի պահ, որ ասեն՝ «լավ, բավական է»։
Դրա համար անհրաժեշտ է, որ խաղաղությունը լինի արժանապատիվ, հիմնված լինի ՀՀ-ի նկատմամբ հարգանքի և ակնածանքի վրա, ոչ թե ամեն ինչի պատրաստակամության։
-Ադրբեջանը սադրանքներին նախորդած օրերին ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի 5-կետանոց առաջարկ էր ներկայացրել։ ԱԽ հայտարարությունում էլ ՀՀ-ն ևս մեկ անգամ վերահաստատում է՝ պետք է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի բանակցոությունները։ Ինչո՞ւ են երկուստեք հայտարարում խաղաղության մասին, բայց դրան զուգահեռ՝ Ադրբեջանը դիմում է սադրանքների։
-Որովհետև Ադրբեջանից եկող ռազմատենչ և լկտի հայտարարություններն արձագանք չեն գտնում ո՛չ գործադիր, ո՛չ օրենսդիր իշխանությունների կողմից, դրանից էլ Ադրբեջանն է՛լ ավելի է լկտիանում։ Ավելին՝ երբ դրանց արձագանքում է ընդդիմությունը, փորձում են մանիպուլացնելով, իրենց կարծիքով՝ հանճարեղ հնարքներով, իբր, կապ կառուցել սադրանքների և արժանապատիվ պատասխանների միջև։
-Ադրբեջանը ներխուժել է Արցախի՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածք։
-Ես չունեմ դրա ապացույցներ։
-Ձեր դիտարկմամբ՝ խաղաղապահի մանդատը գործու՞մ է, քանի որ ՌԴ-ի ու Ադրբեջանի հայտարարությունները Փառուխի, Քարագլխի մասին իրար հակասում են։
-ԱԳՆ-ի՝ օրեր առաջ տարածած հայտարարությունը, որում խոսվում է քննության իրականացման մասին (բնականաբար, քննություն պետք է իրականացնել), ցույց է տալիս, թե ինչ մակարդակում են այս խունտայի և մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հարաբերությունները, որովհետև նմանօրինակ մտքերն անհրաժեշտ է արտահայտել այլ խողովակներով, ոչ թե պաշտոնական հայտարարությամբ։
-Ռուս-ուկրաինական հակամարտության բանակցություններն ընթանում են Թուրքիայում։ Կարծիքներ կան, թե դա կարող է տարածաշրջանում Թուրքիայի դերի բարձրացմանը նպաստել։
-Տարածաշրջանում Թուրքիայի դերի բարձրացման միակ մեղավորը կապիտուլյանտների այս թիմն է, որը պատերազմից երկու ամիս առաջ Լիլիթ Մակունցի շուրթերով ասում էր, որ Թուրքիան երբեք ներգրավված չի լինելու ռազմական կոնֆլիկտի մեջ։ Հիշեցնեմ, որ 2016-ին Թուրքիան պաշտոնապես հայտարարություն էր տարածել ուժի չկիրառման վերաբերյալ։ Երկրորդ՝ փաստացի, Նիկոլ Փաշինյանը, որ խոստանում էր, որ առանց Արցախի չի բանակցելու, հիմա Հայաստանի ճակատագրի վերաբերյալ բանակցություններն ընթանում են առանց Հայաստանի։ Ռուսական կողմը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական բանակցությունները ընթանալու են Թուրքիայի միջնորդությամբ, այստեղ կարող են քննարկվել նաև Ղարաբաղյան հակամարտության սրացման իրադարձությունները։
Աշխարհաքաղաքական իրողությունները, բնականաբար, ազդելու են, որովհետև պայթյունավտանգ տարածաշրջան է, որին հավելյալ լարվածությունն ավելացնում է Թուրքիան։ Թուրքիայի՝ ավելի ակտիվ ներգրավվածությունը Ղարաբաղյան հակամարտության մեջ, ակտիվ դերակատարումը տարածաշրջանում, ավելին՝ պանթյուրքիստական նկրտումները կապիտուլյանտի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ապիկար կառավարման և դրան նախորդող ու հաջորդող դիվանագիտական ապաշնորհ, հակապետական գործունեության արդյունքն են։ Ահա թե ինչ արդյունքների է հասցնում պոպուլիստների իշխանությունը, որովհետև իրենք նախորդ իշխանություններից ժառանգել են նորացված հայ-ռուսական դաշնակցային պայմանագիր, իսկ հաջորդ իշխանություններին փոխանցելու են ռուս-ադրբեջանական դաշնակցային համաձայնագիր։
-Արցախի տարածքի վերաբերյալ մի կողմից խոսում է Ադրբեջանը, մյուս կողմից՝ ՌԴ-ն։ ՀՀ-ն, կարծես, դերակատարություն չունի։
- Ես համարում էի, որ կյանքիս ընթացքում չէի հասնի այնպիսի պահի, որ ինձ նման հարց տան։ Ու խնդիրն այն իրողություններն են, որ մեր քաղաքական դաշտում առկա են։ Այն պահից սկսած, երբ իշխանությունները Արցախից ձեռքերը լվալու պլաններ չունենան, երբ գիտակցեն, որ որքան ՀՀ-ն է Արցախի անվտանգության երաշխավորը, նույնչափ էլ Արցախն է ՀՀ-ի անվտանգության երաշխավորը, և Արցախի նկատմամբ չպահեն իրենց՝ որպես առավելագույնը սոցիալական աջակցություն տրամադրող, այլ իրապես հանդիսանան անվտանգության երաշխավոր թե՛ լեզվամտածողության, թե՛ մտածողության, թե՛ գործողությունների մակարդակում, այդ ժամանակ կարող ենք հույս ունենալ դրական փոփոխությունների, բայց այս իշխանությունների օրոք դա անհնար է, որովհետև հակասում է իրենց էությանը։
Մարիամ Սարգսյան