Մարտի 29-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:
ԱԳ նախարարները անդրադարձել են տնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացմանը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճի հնարավորություններին, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության հեռանկարներին:
Արարատ Միրզոյանն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմանը, Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակական հոգեբանական ճնշումների իրականացմանը և հումանիտար ճգնաժամի ստեղծանն ուղղված գործողություններին։ Ընդգծվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հսատատված հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը։
Արարատ Միրզոյանն ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը: Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի գործադրումը: