Քաղաքական

«Ադրբեջանը Հայաստանի հաշվին փորձում է Ռուսաստանին նոր գործարքների դաշտ բերել». Հակոբ Բադալյան

«Ադրբեջանը Հայաստանի հաշվին փորձում է Ռուսաստանին նոր գործարքների դաշտ բերել». Հակոբ Բադալյան

Ռուսաստանը պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն վերցնել Արցախի հարցում, բայց՝ ավելի մեծ իրավունքներ ստանալու դիմաց։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը, ով անդրադարձավ Արցախում ստեղծված սահմանային միջադեպերին, Ադրբեջանի վարած քաղաքականությանն ու Ռուսաստանի՝ Արցախի հարցում ունեցած պատասխանատվությանը։ 

- Ըստ էության՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կողմ են խաղաղության պայմանագիր կնքելուն, բայց Ադրբեջանի գործողությունները այլ բան են ասում։ Ադրբեջանը ի՞նչ է ուզում և ի՞նչ է շահում՝ իրավիճակը սրելով։

- Չեմ կարող ասել, թե Ադրբեջանը ինչ է ուզում, բացի այն հայտարարություններից, որոնք հրապարակային անում են։ Այսինքն, այն պայմանները, որոնք ներկայացնում են՝ թե՛ խաղաղության պայմանագրի և թե՛, ընդհանրապես, հայ-ադրբեջանական հարցերը կարգավորելու համար, բայց իրավիճակը սրելով՝ փորձում են առավելագույնս ստանալ՝ ոչ միայն Հայաստանի հանդեպ ճնշմամբ, այլև՝ փորձելով սակարկություն անել Ռուսաաստանի հետ։ Ադրբեջանը պարբերաբար ձգտում է, այդ նպատակներին հասնելու համար, օգտագործել շանտաժի, իրավիճակը լարելու և այլ գործիքակազմ։ Այս փուլում ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է օգրագործել աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, որ կա Ուկրաինայի ճգնաժամի համատեքստում, մտածելով, որ այս իրավիճակում Ռուսաստանը ավելի խոցելի է և ավելի հակված պայմանավորվածությունների, որպեսզի Կովկասում ստեղծի իրավիճակի մեծամասշտաբ լարում։ Կարծում եմ՝ Արդրբեջանը այդ իրավիճակում փորձում է լուծել այդ խնդիրները և առավալագույնն անել դիրքային առավելություն ստանալու համար՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական իմաստով։ 

- Կարելի՞ է կարծել, որ Ադրբեջանը, Հայաստանին դարձնելով թիրախ, վերջինիս միջոցով փորձում է վնասել Ռուսաստանին կամ հակադարձել։

- Ադրբեջանը չի ուզում վնասել Ռուսաստանին և լավ պատկերացնում է, որ Ռուսաստանին վնասելը չի կարող իր համար օգտակար լինել, պարզապես փորձում է, խնդիրներ առաջացնելով, որևէ նոր պայմանավորվածության, նոր գործարքի դաշտ բերել Ռուսաստանին։ Կստացվի՞՝ կստացվի, չի՞ ստացվի՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ, ի վերջո, Ռուսաստանը մեծ մասշտաբի պատժի չի դիմելու, չունի դրա հնարավորությունը այսօր, չունի դրա մոտիվները, չի ուզում և չի կարող վտանգի ենթարկել Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր գործակցությունը։ Եվ, ըստ այդմ, Ադրբեջանը փորձում է Ռուսաստանին բերել պայմանավորվածության դաշտ՝ առաջացնելով այդ խնդիրները։ Ինչ կկարողանան, ինչ կստացվի, ինչ կկորզեն՝ էական չէ. կլինի մեկ բլուր, թե մեկ մասշտաբային քաղաքական պայմանավորվածություն։ Եթե չստացվի, մեծ հաշվով, Ադրբեջանը շատ բան չի կորցնի։ Կարծում եմ՝ այս իրավիճակն է, և սա Բաքուն շատ լավ պատկերացնում է, որ վաղ թե ուշ քաղաքական պրոցեսները Կովկասում իրավիճակը ևս ռևիզիայի են ենթարկելու։ Դա իր մեջ, իհարկե, պարունակում է հնարավորություններ և ռիսկեր բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի համար։ Այնպես չէ, որ այդ ռևիզիան Ադրբեջանի համար անպայմանորեն ենթադրում է ռիսկեր։ Նաև հնարավորություններ է ենթադրում, և Բաքուն պարզապես փորձում է իր տեսանկյունից ռիսկերն ու հնարավորությունները այլ կերպ կառավարել կամ բերել մի բալանսի, որն իր համար կլինի շահեկան։ Սա է Ադրբեջանի քաղաքականության մոտիվացիան։ 

- ՌԴ ՊՆ-ն հայտարարել է ադրբեջանցիների՝ Փառուխից դուրս գալու մասին, որն Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ-ի ու Ադրբեջանի ՊՆ-ների իրարամերժ հայտարարությունները։

- Այս պահին ես հանագամանալից չեմ տիրապետում իրավիճակին, բայց եթե հաղորդագրություններով դատենք, ապա Ռուսաստանը, կարծես, խոսել էր Փառուխից դուրս գալու մասին, բայց չէր խոսել հարակից նոր դիրքավորման տեղերից հետ քաշվելու մասին, և ադրբեջանցիները, կարծես, խոսում են հենց այդ դիրքերը չթողնելու մասին։ Խոսքը վերաբերում է առավելապես Քարագլուխ բարձունքին. ադրբեջանցիները կարող են դուրս եկած լինել Փառուխից, բայց լքած չլինեն Քարագլուխ բարձունքը։ Ստացվում է մի իրավիճակ, որ թե՛ ռուսների հաղորդագրությունն է իրականությանը համապատասխանում, թե ադրբեջանցիների։ Այստեղ տեսնում ենք, որ կա իրավիճակ, երբ ռուսները փորձում են իրենց դեմքը փրկել՝ ասելով «բանակցեցինք, և գյուղից դուրս եկան», մյուս կողմից՝ տեսնում ենք, որ ադրբեջանցիները, այնուհանդերձ, իրենց համար ավելի կարևոր խնդիրը լուծել են՝ գոնե այս պահին։ Դա Քարագլուխում հաստատվելն է։ Իրավիճակը չպետք է չափենք հենց դրանով՝ ստրատեգիական և կարևոր նշանակության բարձունքից հետ քաշվելու՞ են, թե՞ ոչ։ Եթե ռուսները կարողանան հասնել նրան, որ ադրբեջանցիները ետ քաշվեն նաև այդ բարձունքից, սա կարող ենք արձանագրել էական արդյունք։ Եթե ոչ, ապա գյուղից դուրս գալը ընդամենը ռուսների դեմքն է փրկում, միևնույն ժամանակ՝ ադրբեջանցիներին չի խանգարում լուծել ստրատեգիական խնդիրներ։

- Արցախի անվտանգության խորհուրդը ՌԴ նախագահին ուղղված նամակում խնդրել էր ավելացնել խաղապահների թիվը և Արցախում ընդլայնել տեխնիկական ներկայությունը։ Ռուսաստանը, գտնվելով ռուս-ուկրաինական հակամարտության մեջ, կարո՞ղ է իրականացնել այդ ակնկալիքները Արցախում։

- Ես չգիտեմ՝ ինչ կարող է անել Ռուսաստանը և ինչ՝ չի կարող։ Մենք կարող ենք հպանցիկ գնահատականներ տալ։ Ես չգիտեմ Ռուսաստանի ռեսուրսների իրական մասշտաբը, որը մեզ թույլ կտա ստույգ գնահատել՝ կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը ավելի մեծ պատասխանատվություն վերցնել արցախյան իրավիճակի կառավարելիության հարցում, թե՞ ոչ։ Բայց, համենայն դեպս, այդտեղ քննարկումներ առկա են, և ավելի շատ՝ ռուսների և ադրբեջանցիների միջև։ Չեմ բացառում, որ Ռուսաստանը պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն վերցնել, բայց՝ ավելի մեծ իրավունքներ ստանալու դիմաց, և շատ հատկանշական է, որ այսօր Արցախի իշխանությունը քննարկում է ավելի մեծ լիազորությունների հարցը, որ պետք է ստանա Արցախի խաղաղապահ կոնտիգենտը։ Հարց լուծելու համար պետք կլինի Ադրբեջանի համաձայնությունը, և այստեղ հարց է առաջանում՝ սա զուտ արցախյա՞ն նախաձեռնություն է՝ դիմել ռուսներին, թե՞ ռուսական կողմի քննարկված գաղափարն է, և, այսպիսով, հիմա խնդիրը պետք է տեղափոխվի ռուս-ադրբեջանական քննարկումների դաշտ։ Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահ երկրներին այդ հարցը ևս հետաքրքրելու է, և, հետևաբար, մենք կարող ենք ստանալ Կովկասում մասշտաբային քաղաքական քննարկումների նոր թեմա ու աստիճան։ Կարող ենք խոսել այն մասին, որ ետպատերազմյան ստատուս-քվոյի քաղաքական տրամաբանության վերափոխման գործընթաց կարող է մեկնարկել Կովկասում։ Ռուսաստանը ինչի՞ է պատրաստ և ի՞նչ մասշտաբի է պատրաստ՝ կդժվարանամ ասել, բայց, համենայն դեպս, այստեղ գնահատելու որոշակի ելակետ կարող է լինել այն, թե Ռուսաստանը ինչպես կարձագանքի Արցախի դիմումներին։ Թեև արձագանքը կառկախվի, ու փորձ կլինի ստուգել արդեն Ադրբեջանից եկող արձագանքները։

 

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական