Քաղաքական

Փաշինյանը մեջբերել է Սերժ Սարգսյանին՝ «մենք ֆաշիստ չենք»

Փաշինյանը մեջբերել է Սերժ Սարգսյանին՝ «մենք ֆաշիստ չենք»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է արմատական ընդդիմության քննադատություններին առ այն, որ իշխանությունը համաձայնել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքն ընդունել որպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման սկզբունք։

Փաշինյանի խոսքով՝ նման քննադատությունն առավել քան տարօրինակ է. «1999-ի նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովից Երևան վերադարձած և տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող, Եվրոպայում Անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչարյանը բառացիորեն հայտարարել է. «Եթե մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա չպետք է ասենք, որ դրան դեմ ենք։ Մենք էլ տարածք ունենք, և մենք ևս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու»։

Փաշինյանը հավելեց, թե դրանից հետո Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է ԼՂ հարցի կարգավորման մասին՝ որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով, այդ թվում, տարածքային ամբողջականության սկզբունքը. «Կարծում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր և հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է։ Մենք հետևողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները՝ չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները, որովհետև, ինչպես Սերժ Սարգսյանն իրավացիորեն նշել է իր վերջին հարցազրույցներից մեկում, մենք ֆաշիստ չենք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական