ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում լարված է, և իրենք իրենց պատասխանատու են համարում՝ այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում։
Նրա դիտարկմամբ՝ այս փուլում ՀՀ-Ադրբեջան խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ. «Ընդ որում, պետք է արձանագրել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներն արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ»։
Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ-ն հանդես է եկել սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկով՝ որպես ետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի՝ դե յուրե հաստատված սահմանագիծը։ Նրա խոսքով՝ եղել են նաև տեղային ետքաշումների առաջարկներ, և սպասում են Ադրբեջանի արձագանքին. «Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշվեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշվենք իրենց տարածքից։ Այդպիսով՝ երկուստեք կլուծենք վերջին 1,5 տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը»։
Փաշինյանի դիտարկամբ՝ վերջին իրադարձություններից հետո անհասկանալի է՝ Ադրբեջանն ուզու՞մ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ։ «Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, պատրաստ ենք դրանց իրագործմանն անցնել ցանկացած պահի»։