ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, թե Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու՝ իրենց քաղաքականությունը շատերն են քննադատում. «Ուզում եմ աներկբա արձանագրել, որ մեր որդեգրած այդ քաղաքականությունն այլընտրանք չունի։ Ընդհակառակն՝ իր գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակագից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ, պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար, բայց մենք չպետք է տրվենք այդօրինակ սադրանքներին»։
Փաշինյանի խոսքով՝ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ամուր նյարդեր, և չպետք է շեղվել հռչակած ռազմավարությունից։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու ուղղությամբ արված ադրբեջանական առաջարկներին՝ Փաշինյանը վերահաստատեց ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ դրանցում անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն արտացոլում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբին է փոխանցել իր օրակարգը. «Այս դիրքորոշման հրապարակման օրը՝ երեկոյան, Ադրբեջանը փակել է Արցախին գազ մատակարարող գազատարը։ Սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է»։