Քաղաքական

«Ձեր բոլոր ցավերը մեր սրտում են». Փաշինյան

«Ձեր բոլոր ցավերը մեր սրտում են». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, դիմելով ՀՀ քաղաքացիներին, հայտարարեց, որ ՀՀ-ում սոցիալական վիճակը բարդանում է, սակայն ամբողջ աշխարհն է գտնվում նույն վիճակում. «Գնաճի աննախադեպ բարձր փուլում է աշխարհը, և դրա պատճառները կարող եք տեսնել ցանկացած պահի՝ նորությունների բովանդակությանը ծանոթանալով։ ՀՀ-ն, այս իմաստով, դեռ մի բան էլ լավ վիճակում է՝ շատ երկրների համեմատ»։

Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ն այսօր, ներմուծումների ու արտահանումների իմաստով, ազատ երկիր է. «Թե ինչպիսին է կառավարության քաղաքականությունը, երևաց 2019թ., երբ ողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում: Որովհետև մենք վերացրինք արհեստական մենաշնորհները, և Հայաստանն այսօր, ներմուծումների ու արտահանումների իմաստով, ազատ երկիր է։ Ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, որոշ դեպքերում՝ ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում էլ կունենանք»։

Նա անդրադարձավ շահարկումներին, թե իշխանությունը բարձրացնում է իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձերը, բայց չի բարձրացնում կենսաթոշակները։ Ըստ Փաշինյանի՝ պետք է հաշվի առնել, որ դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են. «Մյուս կողմից՝ իրավապահ և դատական համակարգում աշխատավարձերը բարձրացնում ենք, առաջին հերթին, հանուն շարքային քաղաքացու, որովհետև իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում»։

Դիմելով քաղաքացիներին՝ վարչապետն ընդգծեց. «Ինչպես նախկինում, այսօր՝ առավել ևս, ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական