ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Արցախում գազամատակարարման դադարեցմանը. «Արդեն 3 օր է՝ Արցախի քաղաքացիները զրկված են բնական գազից։ Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում։ Մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը, և, ի վերջո, ինքը նորոգեց»։
Նա նշեց, որ այժմ էլ գազատարի վրա տեղադրվել է փական. «Մարտի 18-ին՝ 11 օր անց, 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո, Ադրբեջանը մարտի 21-ին, առանց պայթյունների, փակել է գազատարի փականը՝ այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը»։
Վարչապետն ընդգծեց, որ գազամատակարարման երկու դադարեցումն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում. «Մարտի 7-ին՝ վերջին 30 տարվա մեջ, աննախադեպ ծավալի ձյուն էր տեղացել Արցախում, և օդի ջերմաստիճանը աննախադեպ անկում էր ունեցել։ Մարտի 21-ին էլ ձյան շերտը տեղ-տեղ հասնում էր մինչև 1,5 մ-ի, Ստեփանակերտում՝ 1 մ-ի։ Այս պայմաններում Արցախը դիտավորյալ զրկվել էր բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու համար կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումներից»։
Ըստ Փաշինյանի՝ սա բավարար է՝ հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին. «Ադրբեջանն իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի։ Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունն արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում»։
Վարչապետի դիտարկմաբ՝ այն փաստը, որ այսքան զրկանքներից հետո Արցախում այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը. «Խնդիր է դրված՝ ամեն ինչ անել՝ Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելու համար»։