Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Նախորդ անգամ, երբ Ադրբեջանը ձեռնամուխ եղավ գազատարի վերանորոգման աշխատանքներին, «Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ անդամ Միքայել Նահապետյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասել էր, որ մեծ հավանականություն կա, որ պաշտոնական Բաքուն այդ քայլին գնացել է Արևմուտքի ճնշման տակ. մինչ այդ նախորդել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ալիևի հետ հեռախոսազրույցը։
Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանն այս անգամ փակել գազամուղը՝ կրկին հումանիտար խնդիրներ ստեղծելով Արցախի բնակչության համար։
Միքայել Նահապետյանը, Radar Armenia-ի հարցին ի պատասխան, նշեց, թե Ադրբեջանը արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակներում ինչ-որ առևտուր է անում. «Ես դեռևս չեմ հասկանում՝ ինչ առևտուր, որովհետև բանակցային գործընթացի մանրամասները չկան։ Ինչպես հասկանում եմ՝ իրենք ռուսների հետ այս պահին քննարկումների մեջ են, որովհետև երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԳՇ պետը հանդիպել է ռուս խաղաղապահների պատվիրակության հետ։ Այն, ինչ հրապարակված փաստերով եմ տեսնում, ինձ թույլ է տալիս ենթադրել, որ Ադրբեջանն առևտուր է անում և օգտագործում հայկական բնակչությանը՝ որպես պատանդ։ Մենք այդ առևտրի մեջ կողմ չենք, օբյեկտ ենք, մեր մասին են բանակցում, ոչ թե մեզ հետ»։
Ոսկեհատ Պողոսյան