Քաղաքական

ԱԺ-ն ընդունեց Կառավարության ներկայացրած նախագծերը

ԱԺ-ն ընդունեց Կառավարության ներկայացրած նախագծերը

ԱԺ-ն այսօր ընդունեց կառավարության ներկայացրած և երեկ քննարկված նախագծերը։ 

Կառավարության ներկայացրած «Սնդիկի մասին» և «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 58 կողմ, 2 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև Կառավարության ներկայացրած «Կենդանական աշխարհի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը։ Կողմ քվեարկեց 60, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 27 պատգամավոր։

66 կողմ, 1 դեմ, 28 ձեռնպահ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ  ընդունվեց նաև «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի կատարման, 2020թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։

Կառավարության ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ստացավ 65 կողմ, 1 դեմ և 29 ձեռնպահ ձայն։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ներկայացրած «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը ևս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, ձեռնպահ՝ 30-ը։ 

Երեկ ԱԺ-ում քննարկված վերջին նախագիծը՝ «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել էին ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդևանյանը և Աղվան Վարդանյանը, առաջին ընթերցմամբ չընդունվեց։

Վարման կարգով՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ-ն դեմ է քվեարկելու։

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ նշելով, թե այդ նախագիծը այն մասին էր, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը որևէ մեկի կողմից հանրային խոսքով կասկածի տակ դնելը քրեորեն հետապնդելի արարք է։

Նախագծին կողմ քվեարկեց 30 պատգամավոր, դեմ՝ 63, ձեռնպահ՝ 1։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական