ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Արցախում գազամատակարարման խափանմանը։ Ըստ նրա՝ «Պարզ չի՝ դրան ինչպես անվանել. վթար չի ըստ երևույթին»։
Միրզոյանի խոսքով՝ ինչպես առաջին խափանման դեպքում, այնպես էլ այս անգամ՝ անմիջապես գործի են դրվել դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը. «Մենք սերտ ու պարբերական կապի մեջ ենք ռուսաստանցի գործընկերների հետ, որովհետև վթարը, գազի փակման տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Մեր առաջնային կապը ռուսաստանյան գործընկերների հետ է, բայց նաև՝ մնացյալ աշխարհի հետ»։
Նախարարը նշեց, որ նոտա է հղվել բոլոր միջազգային գործընկերներին, և արձագանքներ արդեն ստացվում են. «Նախորդ անգամ, երբ 8 օրից ավելի գազամատակարարում չկար, աշխատանքներն սկսվելուց հետո էլ 2-3 օր ձգվեց, այդ ընթացքում նաև վարչապետն է խոսել ԱՄՆ պետքարտուղարի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների հետ։ Արձագանքներ կան, բայց, ցավոք, տեղում կոնկրետ հարցը լուծված չէ»։