Ազգային ժողովում ավարտվել է Արցախում ստեղծված իրավիճակ վերաբերյալ փակ նիստը։ Դրանից հետո ԱԺ-ն, սակայն, չընդունեց «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը:
Փակ նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ նախագիծը քննարկել են խմբակցությունում. «Մեծամասնությամբ կիսում ենք այն դիրքորոշումները, որոնք արտահայտված են այստեղ: Թե ՀՀ վարչապետի, թե ԱԳ նախարարության և կառավարության բոլոր համապատասխան օղակների, թե խորհրդարանական դիվանագիտության մեզ հասանելի գործիքակազմով մենք ամենօրյա ռեժիմով հասցեագրում և զբաղվում ենք այն բոլոր հարցերով, որոնք դուք ներկայացրել եք՝ հումանիտար հարցերով, ռազմագերիների վերադարձի հարցով, գազամատակարարման հարցով: Բոլոր օղակներում, նաև միջազգային կառույցներում մենք օգտագործում ենք բոլոր դիվանագիտական գործիքակազմի մեջ գտնվող գործիքները, որպեսզի բոլոր այդ հարցերը լուծենք»։
Ըստ նրա, իրենք օգտագործում են դիվանագիտության բոլոր խողովակներն ու գործիքակազմերը՝ այս պահին հասցեագրելու եղած խնդիրները։ Կոնջորյանի խոսքով, ՔՊ-ն կարծում է, որ այս պահին բավարար են այս գործիքները՝ այս հարցով զբաղվելու համար։
ԱԺ ՔՊ խմբակցությունը չմասնակցեց հայտարարության քվեարկությանը։ Արդյունքում, նախագիծը ստացավ 30 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայն։