Արցախի տեղեկատվական շտաբը երեկ երեկոյան տեղակեցրել էր, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ ԱԺ նիստի մեկնարկին ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն անդրադարձավ այդ խնդրին։
Նա միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրեց փաստի վրա, որ օրեր շարունակ, իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելու պատրվակով, Ադրբեջանը գազից զրկել էր Արցախը. «Երեկ կրկին Ադրբեջանի կողմից դադարեցվել է գազամատակարարումը։ Սա խստորեն դատապարտելի է։ Մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն»։
Պատգամավորը նշեց, որ իրենք, ԼՂ իշխանությունների և ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցելով, զբաղվում են խնդրով. «Սակայն պահանջում եմ, որ Ադրբեջանը ժամ առաջ, րոպե առաջ վերականգնի գազամատակարարումը։ Սա բացառապես հումանիտար հարց է, և հրավիրում եմ մեր միջազգային գործընկերների ուշադրությունը»։