ԱԺ նիստին՝ ՀՀ դրոշի մասին օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ներկա չէր Կառավարության ներկայացուցիչը։
Հարակից զեկուցման համար պետք է ելույթ ունենար ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը, որը դահլիճում չէր։ Անդրադառնալով այդ հանգամանքին՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց. «Սա լավ չէ, և խնդրում եմ քարտուղարությանը հետևել, որ մեր գործընկերները ժամանակին հասնեն։ Չենք լսի Արայիկ Խզմալյանին»։
ԱԺ-ում մեկ այլ հարցով պետք է որպես հարակից զեկուցող հանդես գար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Սակայն նա ևս ներկա չէր դահլիճում։
Սա հարուցեց ԱԺ փոխնախագահ Ռուբինյանի դժգոհությունը. «Քանի որ պատասխանատու գործելակերպ չենք տեսնում Կառավարության գործընկերների կողմից, ես կհայտարարեմ 20 րոպե ընդմիջում և քարտուղարությանը կհանձնարարեմ անմիջապես կապվել կառավարության հետ և ասել, որ արագ գան»։
ԱԺ նիստն ընդմիջվեց 20 րոպեով։