ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր տեղեկացրել է, որ 2021թ. ավարտին պետք է Ստոկհոլմում կայանար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է։
Ըստ նախարարի՝ «ՀՀ-ի և Ադրբեջանի նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, նախատեսված էր 2021-ի դեկտեմբերի 1-3-ը՝ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա վեհաժողովի շրջանակներում, սակայն, նախատեսված հանդիպումից ժամեր առաջ, տեղակացանք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը հրաժարվել է մասնակցել այս հնգակողմ հանդիպմանը»։
Միրզոյանի խոսքով՝ մինչ հանդիպումը համանախագահության կողմից իրենց փոխանցվել էին որոշակի օրակարգային առաջարկներ, որոնք ներառում էին նաև խաղաղության համապարփակ պայմանագրի պարամետրերի հստակեցումը։
Արարատ Միրզոյանը հայտարարեց նաև, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման, երկրի և տարածաշրջանի համար խաղաղ ու կայուն զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն. «2021-ի ընթացքում մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն։ Մեր նպատակներին հասնելու համար առաջնային էր, նախևառաջ, ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ Արցախի կարգավիճակի և արցախահայության իրավունքների առաջնային ընդգծմամբ»։
Ըստ նախարարի՝ այս առումով որոշակի հաջողությունների են հասել, քանի որ Մինսկի խմբի համանախագահության ներքո տեղի են ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկու հանդիպումներ։