Քաղաքական

ՀՀ-ն շարունակում է միջազգային տարբեր ձևաչափերով բարձրաձայնել հայ ռազամագերիների վերադարձի հարցը

ՀՀ-ն  շարունակում է միջազգային տարբեր ձևաչափերով բարձրաձայնել հայ ռազամագերիների վերադարձի հարցը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ մարտի 21-ին գումարել է արտահերթ նիստ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը` արտաքին հարաբերությունների ուղղությամբ 2021թ. կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նախարարի խոսքով` ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային հնարավորինս բարենպաստ միջավայրի ձևավորման, մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ և կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն: «2021թ. ընթացքում գերատեսչության գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն»,- նշել է Արարատ Միրզոյանը և հավելել, որ առաջնային է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո` Արցախի կարգավիճակի և արցախահայության իրավունքների առաջնային ընդգծմամբ:

«Այս առումով տարվա ընթացքում մենք որոշակի հաջողությունների ենք հասել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկու հանդիպում` 2021 թ. Նյու Յորքում և Փարիզում»,- ասել է զեկուցողը:

Կառավարությունը շարունակել է Արցախում միջազգային կազմակերպությունների և մարդասիրական առաքելությունների ներգրավմանն ուղղված աշխատանքները: Երկկողմ ձևաչափով և միջազգային կառույցներում, այդ թվում` Եվրոպայի խորհրդում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում տեղի ունեցող հանդիպումներում Հայաստանը շարունակել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ԼՂ-ի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի կողմից հայատյացության դրսևորումների, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, ռազմավարի պուրակի, ինչպես նաև ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների և այդ ընթացքում կատարված այլ հանցագործությունների վրա:

Ըստ արտաքին գերատեսչության ղեկավարի` Ադրբեջանում դեռևս ապօրինաբար պահվում են հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք, և Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձևաչափերով բարձրաձայնել հայ ռազամագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հարցը:

Գերատեսչության աշխատանքում կարևոր ուղղություն է եղել տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ապաշրջափակումը:

Նախարարը խոսել է նաև սահմանագծման և սահմանազատման գործընթացի ուղղությամբ իրականացվող քայլերի մասին, կարևորել ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, հետագա կայունությանն ուղղված մեխանիզմների ներդրումը և բնակիչների անվտանգության ապահովումը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը` Արարատ Միրզոյանը փաստել է, որ 2021թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ուղերձով, իսկ մայիսի 6-ին Լատվիայի խորհրդարանն է պաշտոնապես ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Խոսելով ավանդական գործընկերային հարաբերություններից` զեկուցողը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շարունակաբար զարգացել է հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային գործընկերությունը, ընդլայնվել է երկկողմ օրակարգը` ներառելով առևտրատնտեսական, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկ և տրանսպորտային ու տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման ու ընդլայնման նոր ուղղություններ:

Շարունակվել է Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի երկխոսությունը: 2021թ. ավարտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, և մարտի 1-ից այն լիովին ուժի մեջ է մտել: Արևելյան գործընկերության շրջանակում ֆինանսական տարատեսակ գործիքների միջոցով Եվրամիությունից Հայաստանին նախատեսված շուրջ 2,6 մլրդ եվրոյի աջակցության շրջանակում Կառավարությունը մշակել և կառույցին է փոխանցել ուղենշային նախաձեռնությունների փաթեթ: Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և ընդգրկուն օրակարգի խորացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Նախարարը խոսել է նաև Իրանի, Վրաստանի և մի շարք այլ երկրների հետ համագործակցության խորացման ուղղությամբ իրականացված քայլերի մասին: «Տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր զարգացում էր նաև այն, որ 2021թ. Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների շնորհիվ երկու երկրների միջև մեկնարկել է երկխոսության գործընթաց` հատուկ ներկայացուցիչների մակարդակով»,- ընդգծել է արտաքին գերատեսչության ղեկավարը:

Արարատ Միրզոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական