ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, թե կառավարությունը որդեգրել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման, մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ ու կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն:
Նրա խոսքով. «2021 թվականի ընթացքում մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն: Մեր նպատակներին հասնելու համար առաջնային էր ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո՝ Արցախի կարգավիճակի և արցախահայության իրավունքների առաջնային ընդգծմամբ»։
Ըստ Միրզոյանի, 2021 թվականի ընթացքում այս առումով որոշակի հաջողություններ են գրանցվել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 2 հանդիպում. «Համանախագահների առաջարկությամբ այդ և հետագա քննարկումները պետք է կենտրոնանային այսպես ասած՝ «փոքր քայլերով առաջ գնալու» մարտավարության, հումանիտար և այլ հարակից խնդիրների լուծման վրա, ապա նաև՝ մեր պնդմամբ արձանագրելով, որ օրակարգում է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը»։
Արարատ Միրզոյանը նաև հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և համանախագահող երկրները 2021 թվականին ընդունել են 11 հայտարարություն, որոնցում հստակորեն արձանագրվել է, որ ԼՂ հիմնախնդիրը դեռևս լուծված չէ և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների տարրերի հիման վրա: Միրզոյանն առանձնացրեց դեկտեմբերի 7-ին նախագահող երկրների 3 արտգործնախարարների համատեղ հայտարարությունը. «Այս հայտարարությունը հանրայնացվեց այն բանից հետո, երբ Ստոկհոլմում ադրբեջանական կողմը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը: Սա, կարծում եմ, էական նրբերանգ է»: