Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում։
Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված միջադեպերին։ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է։
Լսելով միջադեպերի վերաբերյալ պատասխանատու սպաների զեկույցները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին տվել է ցուցումներ և հանձնարարականներ, նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Աշխատանքային այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ներքին Հանդ համայնքին հարակից սահամանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է տվյալ հատվածում առկա իրավիճակը:
Պաշտպանության նախարարն այցելել է նաև հիմնանորոգվող զորամասի շինհրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: