Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիների ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։
Երեկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ բանալիները, որ առգրավվել էին քրեական գործի շրջանակներում, վերադարձվել են Դատական դեպարտամենտ։ Սակայն ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց՝ պնդելով հակառակը. համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել: Դրան հետևեց դատախազի խորհրդականը հայտարարությունը, որում նա վերահաստատեց բանալիները վերադարձնելու մասին խոսքերը։
Այսօր Radar Armenia-ն Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանից հետաքրքրվեց բանալիների ճակատագրի մասին։ Ըստ նրա. «ԲԴԽ տարածած հայտարարությանն այս պահին ավելացնելու ոչինչ չունենք»։ Հարցին՝ շարունակու՞մ են պնդել, որ բանալիները չեն վերադարձվել, Շաբոյանը դրական պատասխան տվեց։
Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց, թե չի կարող ասել՝ ինչով է պայմանավորված այս անճշտությունը. «Իմ հայտարարությունը մնում է ուժի մեջ, ավելացնելու ոչինչ չկա։ Սկսած այս պահից՝ դատական գործերի մակագրման համակարգի գործարկման պատասխանատվությունը կրում է Բարձրագույն դատական խորհուրդը»։