Radar Armenia-ի զրուցակիցն է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
- Ադրբեջանական կողմի առաջարկած 5 դրույթներում չէր խոսվում գերիների մասին։ Արդյո՞ք հայկական կողմը պետք է պահանջի բանակցություններում ներառել այդ հարցը։
- Կարծում եմ՝ կա որոշակի բացատրություն, թե ինչու ներառված չէր, որովհետև գերիների խնդիրը կապված էր ռազմական գործողությունների դադարեցման հետ և ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը պետք է հանգեցներ գերիների անհապաղ ազատ արձակման։ Սա ոչ թե խաղաղության պայմանագրի խնդիր է, այլ զինված գործողությունների դադարեցման հետևանք։ Այն ներառված է եղել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, այլ հարց է՝ մինչ օրս այդ հանձնառությունը, որը, ինչպես գոյություն ունի իրավունքում, այնպես էլ արտացոլվել է քաղաքական հայտարարության մեջ, չի կենսագործվել։
Կարծում եմ՝ հայկական կողմը ոչ թե պետք է ջանքեր գործադրի, որ այդ պարտավորությունը արտացոլվի խաղաղության պայմանագրում, այլ ջանքերն ուղղի իրավունքի և քաղաքական պայմանավորվածությունների կատարմանն ու կենսագործունեությանը։
Մեզ համար գերիների հարցով խնդրահարույց է այն, որ պայմանավորվածությունը չի կատարվում և միակողմանի է, այսինքն՝ հայկական կողմը բարեխղճորեն վերադարձրել է ադրբեջանցի ռազմագերիներին, իսկ ադրբեջանական կողմը, մեկուկես տարի անց էլ, դեռ պահում է հայ ռազմագերիներին։
- Ի վերջո, ի՞նչ կարող է անել հայկական կողմը՝ գերիների վերադարձի համար։
- Եթե արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, պետք չէ նոր պայմանավորվածություններ ձեռք բերել, որովհետև արդեն իսկ խնդրահարույց է նոր պայմանավորվածությունների կատարումը հայկական զիջումների դիմաց։ Սա քաղաքականության կոշտ գիծ պետք է լինի։ Եվ երկրորդը, արդեն պետք է հարթակը փոփոխել. եթե կառուցողական երկխոսություն է իրականացվում հայ-ադրբեջանական հարաբերություններում, պետք է ընդհատել դա և ներգրավել միջազգային հանրությանը, որպեսզի միջազգային հանրության ջանքերի՝ այդ թվում պատժամիջոցների, միջոցով կյանքի կոչվեն Հայաստանի սուվերեն իրավունքները և մարդկանց իրավունքները, որոնք դարձյալ պաշտպանվում են միջազգային իրավունքով։
Կարծում եմ՝ քաղաքական տեսանկյունից Հայաստանի իշխանությունները չպետք է լեգիտիմացնեն այն բանակցային ձևաչափը, որտեղ ադրբեջանական կողմը Հայաստանի առջև ստանձնած պարտականությունները չի կատարում, և, այդ հարթակից դուրս գալով, պետք է միջազգային հանրության աջակցությամբ լուծել Հայաստանին վերաբերող քաղաքական և իրավական խնդիրները։
- Միջազգային հանրությունից ի՞նչ արձագանք պետք է սպասենք։
- Մենք նաև ուկրաինական միջադեպով տեսանք, որ միջազգային հանրությունը տիրապետում է արձագանքելու լրջագույն գործիքների, պարզապես դա կարող է լինել քաղաքական նպատակահարմարության հարց, որը հասունացվում է ցանկացած երկրի գործող իշխանության միջոցով։
Մեր կողմից պետք է այդ խախտումներն անընդմեջ բարձրաձայնվեն, պետք է ակնկալենք միջազգային գործընկերների աջակցությունը՝ ցուցադրելով Ադրբեջանի ոչ բարեխիղճ վարքը, պետք է գնալ փափուկից դեպի կոշտ միջոցներ ընտրելու ճանապարհով։ Եթե միջազգային հանրությունը ունի կոչեր, և դրանք լիարժեքորեն չեն կատարվում Ադրբեջանի կողմից, Հայաստանը պետք է կոշտ միջոցների ջատագով լինի, այդ թվում՝ խնդիրելով կիրառել համանման պատժամիջոցներ, որոնք ներկայումս գործադրվում են Ուկրաինայի կոնտեքստում՝ Ռուսաստանի դեմ։ Դրա իրավական և քաղաքական նախադրյալները կան, պարզապես մեր իշխանությունները պետք է ճիշտ աշխատեն միջազգային գործընկերների հետ։ Իսկ այդ գործընկերները կան, և նրանք, կարծում եմ, աշխարհաքաղաքական շահեր ունեն մեր տարածաշրջանում։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են օգտագործվել նաև Ադրբեջանի նկատմամբ, օրինակ՝ ռազմական-քաղաքական էլիտայի որոշ իրավունքներ պետք է սառեցվեն, առևտրում, տնտեսական ոլորտում պետք է սահմանափակումներ կիրառվել, և այլն։
Ոսկեհատ Պողոսյան