Քաղաքական

Ովքե՞ր են եղել ՀՀ հատուկ հանձնարարություներով դեսպանները

Ովքե՞ր են եղել ՀՀ հատուկ հանձնարարություներով դեսպանները

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանին նշանակեց հատուկ հանձնարարություններով դեսպան։

Դիվանագիտական ծառայության մասին օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան, կամ, կառավարության որոշմամբ, կարող են ստեղծվել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ՝ այլ անձինք:

Radar Armenia-ն ներկայացնում է, թե ՀՀ անկախությությունից ի վեր ովքեր են եղել հատուկ հանձնարարություններով դեսպաններ։

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացանք, որ ՀՀ պատմության ընթացքում 14 նման դեսպան ենք ունեցել։

Հատուկ հանձնարարություններով առաջին դեսպանը եղել է երգիչ Շառլ Ազնավուրը։ Նրան այդ տիտղոսը շնորհվել է 1993 թվականից՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Ազնավուրը հատուկ հանձնարարություններով դեսպան է եղել՝ մինչև կյանքի ավարտը։

ՀՀ առաջին նախագահի պաշտոնավարման ընթացքում հատուկ հանձնարարություններով դեսպաններ են եղել նաև Ազգային անվտանգության վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը (որպես հատուկ հանձնարարություններով դեսպան պաշտոնավարել է 1993-1995թթ., եղել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ)։

ԱԳ նախկին փոխնախարար Ժիրայր Լիպարիտյանը ևս եղել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան. պաշտոնավարել է 1994-1997թթ․։ 

Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն էլ որպես հատուկ հանձնարարություններով դեսպան պաշտոնավարել է 1997-1998 թթ․:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում հատուկ հանձնարարություններով դեսպան է եղել Աշոտ Մելիք-Շահնազարյանը՝ 1998-2000թթ․։ Այնուհետ նա նշանակվել է Մեքսիկայում և Կուբայում ՀՀ դեսպան։

1999-2003թթ․ հատուկ հանձնարարություններով դեսպան է եղել Լևոն Խաչատրյանը, ով այնուհետև նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ապա՝ Ղազախստանում ու Ղրղզստանում ՀՀ դեսպան։

Սպարտակ Կոստանյանը, ով մինչ այդ Բելառուսում ՀՀ դեսպանն էր, հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն զբաղեցրել է 1999-2008թթ.։ 

Սիրիայում ՀՀ գործերի նախկին հավատարմատար Դավիթ Հովհաննիսյանն արդեն 1999-2002թթ․ եղել է հատուկ հանձնարարություններով դեսպան։

ԼՂՀ ԱԳ նախարար Արման Մելիքյանը հատուկ հանձնարարություններով դեսպան է եղել 1999-2001թթ.։

2009-ին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակվել ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը։

2010-2018թթ․ հատուկ հանձնարարություններով դեսպան է եղել Սիրիայում ՀՀ նախկին դեսպան Լևոն Սարգսյանը։ Վերջինս երրորդ նախագահի եղբայրն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք՝ 2019-ին, հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակվել 2012-2018թթ. ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։ Վերջինս պաշտոնավարել է մինչև 2020-ը։

Այժմ, Էդմոն Մարուքյանից բացի, հատուկ հանձնարարություններով դեսպան է նաև ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը։

Մարիամ Սարգսյան  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական