Քաղաքական

Գնել Սանոսյանը պաշտոնապես ներկայացրել է Սյունիքի մարզպետին

Գնել Սանոսյանը պաշտոնապես ներկայացրել է Սյունիքի մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մարզպետարանում պաշտոնապես ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին: Ներկա էին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ․Մակար վարդապետ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմը, մարզի համայնքների ղեկավարները, իրավապահ և ուժային համակարգի մարզային կառույցների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների մարզային պատասխանատուները, մարզային ենթակայության ու այլ հիմնարկների ներկայացուցիչներ։

Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ Սյունիքի համար բարդ ժամանակահատվածում նա համաձայնել է ղեկավարել մարզն ու կատարել դա սրտացավությամբ, խնդիրները լուծելու պատրաստակամությամբ։ «Այդ փուլում, իսկապես, նման մարդու կարիք կար, ու համոզված եմ՝ կշարունակեք ծառայել մեր հայրենիքին»,- նշել է նախարարը։

Շնորհավորելով Ռոբերտ Ղուկասյանին՝ Գնել Սանոսյանը հավելել է, որ այսօր ևս դյուրին փուլում չենք գտնվում, ու առաջիկա կարևոր աշխատանքում հաջողություններ մաղթել մարզպետին։ «Բացի այն փորձից ու գիտելիքներից, որ ունի պարոն Ղուկասյանը, նաև կարևոր եմ համարում, որ նա վերջին մեկ տարում միշտ եղել է Սյունիքում, բավականին լավ ծանոթ է մարզի խնդիրներին, ինչպես նաև իր գործընկերներին։ Դա առավելություն է աշխատանքի մեջ արագորեն ներգրավվելու համար»,- ասել է նախարարը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ մեկ տարի աշխատելով Սյունիքում՝ Մ․ Պողոսյանի հետ նաև միասին որոշակի ճանապարհ են անցել, ծրագրեր իրականացրել։ «Մարզի հիմնական խնդիրներն ինձ համար տեսանելի են ու արդեն մատնանշված թե՛ համայնքների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում, թե՛ այլ մարզային կառույցների ղեկավարների։ Քննարկումների բազմաթիվ առիթներ ենք ունեցել և, վստահ եմ, որ բոլորս միասնաբար կարող ենք հաղթահարել ամեն խնդիր։ Միակ նախապայմանը միասնական լինելն է ու միասին ծառայելը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Սյունիքի ու նրա բնակիչների․ այս նպատակի համար համար ես անելու եմ առավելագույնը»,- խոստացել է մարզպետը։

Մելիքսեթ Պողոսյանը, շնորհավորելով Ռ․Ղուկասյանին ու հաջողություն մաղթելով նրան, համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՏԿԵ նախարարին, մարզպետարանի աշխատակազմին ու բոլոր այն կառույցների ղեկավարներին, որոնց հետ համագործակցել է մարզպետարանը։ Նախկին մարզպետը նաև հակիրճ հաշվետվություն է ներկայացրել մարզում իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրականացված ծրագրերի ու կատարված աշխատանքի մասին։

Գնել Սանոսյանն անդրադարձել է նաև նախանշված ու առաջիկայում Սյունիքում սպասվող ծրագրերին՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ այդ ամենն իրականացնելու գրավականը միասնական ու համախմբված լինելն է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական