Աշխարհաքաղաքական վերաձևավորումների միտումները պետք է դիտարկել մի քանի ուղղությամբ՝ նկատի ունենալով նաև Վաշինգտոնի և Չինաստանի հարաբերությունները: Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյան:
Գանտահարյանը հիշեցրեց՝ Պաշտոնական Վաշինտոնը մի քանի անգամ հայտարարել է, որ իր գլխավոր հակառակորդը Չինաստանն է: Եվ, ըստ միջազգայնագետի՝ սկսվել է ուրվագծվել Չինաստան, Ռուսաստան, Իրան ռազմական բևեռային առանցքը, ինչն անհանգստացնում է Վաշինգտոնին, քանի որ Չինաստանը տնտեսական բևեռից անցում է կատարում դեպի ռազմաքաղաքական բևեռ:
Նրա խոսքով. «Վաշինգտոնն աշխատում է բևեռի հենասյուների ուղղությամբ՝ փորձելով չեզոքացնել Չինաստան, Ռուսաստան, Իրան նոր բևեռի ձևավորումը»: Ըստ քաղաքագետի՝ Վաշինգտոն-Թեհրան Վիեննայում անցկացվող միջուկային խնդրով բանակցությունները ևս աշխարհաքաղաքական իրադրությունների միտումներ են:
- Ռազմական գործողություններ, հակամարտություններ, բանակցություններ… այս ամենի արդյունքում՝ աշխարհաքաղաքական իրողությունների առումով՝ ի՞նչ կփոխվի:
- Հետզհետե պարզ է դառնում, որ սա կարճաժամկետ պատերազմ չի լինի, որովհետև առ այս պահը՝ Արևմուտքը և հատկապես Միացյալ Նահանգները տնտեսական պատերազմ են հայտարարել, և ռազմական ներգրավվածություն չկա, ինչը նաև պաշտոնական Կիևի հայտարարություններում հստակ փոփոխություններ է մտցրել: Կիևում ՆԱՏՕ-ի անդամակցությունը օրակարգ չհայտնվեց, որովհետև իրենք հասկացել են, որ ռազմական օգնություն չի լինելու:
Կիևի այս հայտարարությանը հետևեց նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որ, եթե դիվանագիտությունը ձախողվի, իրենք պատրաստ են աջակցել. խոսքը, իհարկե, Ուկրաինայի ռազմական պաշտպանության մասին էր:
Պաշտոնական Թբիլիսիի հայտարարությունն առ այն, որ իրենք չեն միանալու միջազգային ընտանիքի որոշած պատժամիջոցներին, կարծում եմ՝ մի քայլ հետընթաց է Միացյալ Նահանգներից և մի քայլ ընդառաջ է դեպի Ռուսաստան: Ինչը նոր մտածումի տեղիք է տալիս, որ «3+3» ձևաչափը կարող է գործարկվելու որոշ նախադրյալներ ունենա, այն առումով, որ «3+3»-ը, ըստ էության, վերածվել էր «3+2»-ի, որովհետև Վրաստանը խուսափում էր մասնակցել քննարկումներին: Շատ բան կախված է Մոսկվա-Անկարա հարաբերությունների ելևէջներից:
Անդրադառնալով Թուրքիային. նա փորձում է միջնորդի կարգավիճակում հանդես գալ ռուս-ուկրաինական պատերազմում՝ անգամ Ղրիմի հարցով, որտեղ բախվում են Անկարայի և Մոսկվայի շահերը՝ պրովոկատիվ հայտարարություններ չի անում, ինչպես նախկինում էր արել: Ղազախստանում չեն համատեղվել Մոսկվայի և Անկարայի շահերը, Ուկրաինայում ևս չեն համատեղվում նրանց շահերը, բայց դա Անկարայի կողմից որոշ ծայրահեղ զգուշավորություն է՝ հակառուսաստանյան դիրքորոշումներում չհայտնվելու առումով, չնայած՝ դեկլարատիվ առումով Անկարան դատապարտել էր Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա:
- Ինչպե՞ս կմեկնաբանեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը մշակում է դիմում՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնություն կնքելու և դրա համար դիմելու է ԵԱՀԿ-ի մինսկի խմբի դասական ձևաչափին.
- Շատ կարևոր է նկատի ունենալ, որ այս բանակցությունների հիմնական սկզբունքները Հելիսնկյան եզրափակիչ ակտի սկզբունքներն են, որոնք այսօր իմաստազրկվել են՝ հատկապես ուժի բացառումը, իրավահավասարությունը, տարածքային ամբողջականությունը: Շատ բարդ է պատկերացնելը, թե այս պայմաններում՝ միջազգային ընտանիքի տարբեր կառույցներից դուրս մղվող ՌԴ-ն ինչպե՞ս պիտի համագործակցի Վաշինգտոնի և Ֆրանսիայի հետ՝ հանդես գալով Արցախյան հակամարտության միջնորդ:
Առ այս պահը Հարավային Կոսկասում Անկարայի՝ ստատուսքվոն պահելու միտումները դեռևս տեսանելի են, որի ամենացուցիչ կետը Նոյեմբերի 9-ի հրադադարի 9-րդ կետն է, որտեղ խոսվում է տարածաշրջանային ապաշրջափակման մասին: Զանգեզուրյան միջանցքը մեզ համար ապաշրջափակում է, Անկարայի համար՝ միջանցք: Կարծում եմ՝ այդ առաջադրանքի իրականացման ձգձգումը կամ արագացումը ևս կախում ունի ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի թուլացման հետ:
- Ի՞նչ սպասումներ ունենալ ռուս-ուկրաինական բանակցությունների 4-րդ փուլից: Ո՞ւր են տանում այս հակամարտության իրադարձությունները:
- Միանշանակ դեռևս պարզ չէ, բայց Ռուսաստանը ներքաշվել է երկարատև պատերազմի, նաև որոշակի առումով տեսանելի է Եվրոպայի դերի նվազեցումը, որովհետև, ճիշտ է՝ Միացյալ նահանգների զորքերը չեն մտել Ուկրաինա, բայց տեղակայվել են Եվրոպական տարածքներում, այսինքն՝ հաստատվել են Ռուսաստանի ազդեցության գոտու սահմանամերձ շրջաններում:
Կիևը իր հիասթափությունն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն և հենց Միացյալ նահանգները զինուժով չեն աջակցում և չեն զսպում Ռուսաստանին, դրա փոխարեն մեծագումար օժանդակություններ են ցուցաբերում տնտեսության և սպառազինության առումով:
Ուկրաինան հասկացել է, որ ռազմական տեսանկյունից ինքը հայտնվել է ավելի դժվար պայմաններում և զիջողական հայտարարություններ է հնչեցրել, պարզ է որ Ռուսաստանը ռազմական առումով առավելություններ ունի:
Մինչև ընդհանուր համաձայնությունը՝ կարող է ժամանակավոր հրադադար լինել: Հրադադարը դեռևս տեսանելի չէ, պարզ չի, թե համաձայնությունը երբ կկայացվի, դրա համար կարծում եմ շատ բարդ են նախապայմանները:
- Այս պատերազմական իրողությունները Ռուսաստանի ազդեցությունն ի վերջո կթուլացնե՞ն, թե՞ հակառակը:
- Կաևոր է դիտարկել, որ այս պատերազմը կարճաժամկետ չէ, սա ռազմական պատերազմ է, որն ուղեկցվում է ՌԴ-ի դեմ համախմբված պատերազմներով՝ տնտեսական, սողացող, հիբրիդային, տեղեկատվական, այսինքն՝ կարող է տարբեր ուղղություններ գրավել:
Սրանից է կախված, թե այս ամենը ի վերջո կթուլացնի, թե ավելի կուժեղացնի Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում, որի ազդեցությունը կկրի նաև Հարավային Կովկասը՝ ներառյալ Հայաստանը:
Ոսկեհատ Պողոսյան