Հայաստանը նոր նախագահ ունի՝ 62-ամյա Վահագն Խաչատուրյանը։
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` Ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը, ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա, երդվեց . «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում։ Չկայացած կամ թերի գործող պետական ինստիտուտները կործանարար ազդեցություն են ունենում պետությունների ճակատագրերի վրա: Առավել վտանգավոր է, երբ դրանք գործում են Սահմանադրությունից և օրենքներից դուրս: Արդյունքում՝ պետությունը վերածվում է մի խումբ մարդկանց շահեր սպասարկող մեծ պատժիչ մեքենայի, որն էլ ի վերջո խոչընդոտում է զարգացմանը, ցանկացած նոր մտահաղացումներին, առաջընթացին: Ցավոք սրտի, այս ամենի ականատես կամ մասնակիցը ոչ վաղ անցյալում եղել ենք նաև մենք։ Մենք ականատեսն ենք արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադարձությունների, որոնց արդյունքում գործող համաշխարհային անվտանգության համակարգերը վերափոխվում են: Այսօր մեզ առավել քան երբևէ հարկավոր է իմաստություն, վստահություն, կայունություն, միաբանություն։ Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու: Ի վերջո պետություն ունենալը մեր ինքնատիպ տեսակը պահպանելն է, զարգացնելը և այլ ազգերի հետ հարաբերվելու նոր հնարավորություններ ստանալը: Այս ամեն կիրագործվի, եթե վերաիմաստավորենք մեր ներկան և ամեն գնով կազմակերպվենք՝ ստեղծելու մեր նոր արժանապատիվ ապագան, որտեղ ամուր պետությունը մեր հանրային կյանքի վստահելի, արդար գործընկերը պետք է լինի։ »:
Երդմնակալությունից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնության խոսք հղեց:
Արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահի լիազորությունները մինչև այս կատարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցում հատուկ նիստին:
Նախագահի երդման արարողությանը հրավիրված են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, սփյուռքի և հայրենիքի պետական, հասարակական և մշակութային գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, արտախորհրդարանական ուժեր, գործարարներ, պաշտոնատար անձինք, ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, խորհրդարանը նախագահի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլով էր ընտրել նախագահի թեկնածուին (107 պատգամավորից նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել են 71-ը, 71-ն էլ կողմ են քվեարկել)։ Վահագն Խաչատուրյանը Հանրապետության նախագահ է ընտրվել 7 տարի ժամկետով: