Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ այլևս չի մասնակցելու Եվրոպայի խորհրդին և չի պատրաստվում մասնակցել «ԵԽ-ն Արևմուտքի ինքնասիրահարվածության հարթակի վերածելու գործին»։
Radar Armenia-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը նշեց, թե Ռուսաստանի՝ Եվրախորհրդից դուրս գալը համարում է վտանգավոր. «Սա նշանակում է, որ Ռուսաստանը եվրոպական ստանդարտներն այլևս ուղենիշ չի համարում, չի համարում իրեն եվրոպական ընտանիքի անդամ։ Եթե նախկինում Ռուսաստանը իրեն համարում էր և՛ եվրասիական, և՛ եվրոպական պետություն, այժմ լուրջ կոնցեպտուալ բան է փոխվում»։
Ըստ Սաֆարյանի՝ Ռուսաստանը չի ճանաչելու այդ ընտանիքի որդեգրած ուղենիշները՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և այլ հարցերով։
Հարցին, թե միջազգային կառույցներից մեկուսացումը ինչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանի համար, Սաֆարյանը նշեց. «Որքան էլ թույլ լինեն միջազգային կառույցները, որքան էլ ինչ-որ ստանդարտների հետ կապված խնդիրներ ունենան, այնուամենայնիվ, միջազգային կազմակերպությունները անվտանգության որոշակի կայունություն տվող գործիքներ են, և, այս առումով, նշանակում է՝ մի շատ կարևոր գործիք պակասում է»։
Ինչ վերաբերում է այլընտրանքային միավորներ գտնելուն՝ Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ պաշտոնական Մոսկվան, դուրս գալով միջազգային կառույցներից, սկսելու է մտածել իր սեփական կառույցներն ստեղծելու մասին։
Անուշ Մկրտչյան