Քաղաքական

Ինչպե՞ս են անցկացվել ՀՀ նախագահների երդմնակալության արարողությունները

Ինչպե՞ս են անցկացվել ՀՀ նախագահների երդմնակալության արարողությունները

Մարտի 13-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը։

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է ԱԺ հատուկ նիստում՝ ժողովրդին տրված երդմամբ:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից Radar Armenia-ին տեղեկացրին, որ ՀՀ հինգերորդ նախագահի երդմնակալության համար ևս պահպանվել է նույն արարողակարգը, ինչ նախկինում. «Արարողակարգը անցկացվելու է՝ ըստ նախատեսվածի. ՀՀ նախագահի ելույթ, Կաթողիկոսի օրհնություն, բերվելու են Վեհամոր ավետարանը և ՀՀ խորհրդանիշները»։

Նախկինում ձևավորված ավանդույթի համաձայն՝ երդմնակալության համար  դահլիճ են բերվում պետական և հոգևոր խորհրդանիշները: Նորընտիր նախագահը երդվում է՝ աջ ձեռքը դնելով Վեհամոր ավետարանի և Սահմանադրության վրա՝ հնչեցնելով երդման տեքստը։

Այս ավանդույթը ՀՀ-ում գործում է 1991թ.-ից ի վեր։ Վեհամոր Ավետարանը երկրի ղեկավարի երդման արարողության համար ընտրել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ավանդույթը պահպանվել է նաև մյուս նախագահների դեպքում։ 

Սակայն, նկատենք, այս տարիներին մի քանի անգամ վերաձևակերպվել է  նախագահների երդման տեքստ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երդմնակալությունն անկացվել է 1991թ.-ի նոյեմբերի 11-ին: Այդ ժամանակ պետությունը դեռ չուներ Սահմանադրություն և, որպես խորհրդանիշ, Մատենադարանից բերվեց հայկական հնագույն ամբողջական ձեռագիրը՝ 7-րդ դարի Վեհամոր ավետարանը: 

Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը՝ հաղթելով 1996թ. ընտրություններում։ 1996-ի նոյեմբերին տեղի ունեցավ նրա երդման արարողությունը։ Այդ ժամանակ արդեն Հայաստանն ուներ ընդունված  Սահմանադրություն։ Նախագահը երդվեց Վեհամոր ավետարանի և ՀՀ Սահմանադրության մայր օրինակի առջև։ Երդման պաշտոնական տեքստը Սահմանադրությամբ էր ամրագրված. «Ստանձնելով նախագահի պաշտոնը` երդվում եմ լինել Սահմանադրության և օրենքների պաշտպանության, անկախության ու ժողովրդավարության, քաղաքացիների անվտանգության, իրավունքների ու ազատությունների ապահովման երաշխավորը»:

 

1998 և 2003թթ. նախագահական ընտրություններին հաղթող հռչակված Ռոբերտ Քոչարյանը ևս երդվեց՝ արտասանելով Սահմանադրությամբ ամրագրված նույն տեքստը։

 

2005թ. ընդունված նոր Սահմանադրության մեջ նախագահի երդման տեքստը մի փոքր փոփոխված էր. «Ստանձնելով նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս հանրապետության և ի բարօրություն ժողովրդի»:


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2008 և 2013թթ. երդվեց այդ տեքստով։

 

2015թ. Սահմանադրությամբ նախագահի համար երդման տեքստը այլ էր. «Ստանձնելով հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Այս երդումը կարդացել է արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2018թ. ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը։

 

Հիմա նույն տեքստով երդվելու է նաև ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 


Անուշ Մկրտչյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական