ՀՀ նորընտիր նախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է իր՝ պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը ՀՀ նախկին նախագահների չմասնակցելու որոշմանը։ Խաչատուրյանին երկրի նախկին ղեկավարների որոշումը չի անհանգստացնում. «Կարևորը՝ մենք հրավիրել ենք, բաց ենք, ու հրավիրվածների ցանկը շատ մեծ է, հիմա ամեն մարդ ինքն է որոշում իր մասնակցությունը, այդտեղ պարտադրանք չի կարող լինել։ Ես հարգում եմ այդ մարդկանց իրավունքը, որից իրենք օգտվում են»։
Պատասխանելով հարցին, թե ինչպես են հրավիրել նախկին նախագահներին, երբ նրանց անվանել են «թալանչի», «կոռուպցիոներ», նորընտիր նախագահը շեշտեց, որ որևէ գնահատական չի տալու, քանի որ տրամադրված չէ, ու «այսօր այդ օրը չէ»։
Անդրադառնալով դիտարկմանը, թե պնդումներ կան, որ ինքը կարող է նախագահի պաշտոնում կաշկանդված լինել՝ նախարարն արձագանքեց, որ ինքը միայն Սահմանադրությամբ պետք է կաշկանդված լինի. «Երբևիցե ինքնանպատակ պատասխաններ, ինքնանպատակ գործողություններ չեն լինի։ Շատ կարևոր է, որ նախագահական ինստիտուտը ինքն իրեն դրսևորի»։
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիասավոր արարողությունը կկայանա այս կիրակի։