Ի տարբերություն մեզ՝ ադրբեջանցիներն ու թուրքերը միշտ իրենց շահն են սպասարկել, ոչ թե, մեզ նման, հավատարիմ մնալով երդմանը կամ ինչ-որ փաստաթղթի ստորագրությանը՝ գնացել դեպի կործանում․ Radar Armenia-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը։
- Հայաստանի ու Արցախի սահմանում իրավիճակը նորից լարված է, հակառակորդի կողմից սադրանքը շարունակվում է։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող ենք սպասել։
- Բնականաբար, էսկալացիայի պետք է սպասել, պետք է պատրաստվել վատագույնին, որովհետև մեր պատերազմում Ռուսաստանն էր անվտանգության, խաղաղության երաշխավորը, բայց, ինչպես տեսնում ենք, հիմա Ռուսաստանը լրջագույն խնդիր ունի Ուկրաինայի հետ, որը շատ ռազմական փորձագետներ գնահատում են որպես թուլության դրսևորում, քանի որ այս պատերազմը երկարաձգվում է ու պլաններից դուրս է գալիս։
- Մի կողմից՝ Ալիևը հանդիպում է Պուտինի հետ և խաղաղության պատրաստակամություն հայտնում, մյուս կողմից՝ սահմանային անհանգիստ դրություն է ստեղծում։ Սա ինչպե՞ս հասկանանք։
- Բայց դրանից առաջ հայտարարում էին, որ Երևանը, Սևանը, Զանգեզուրը իրենցն է, այդ ամբիցիաները ինչպե՞ս պետք է մի հանդիպումով վերանար։ Հիմա էլ շատ լավ ժամանակ է՝ իրենց մտադրություններն իրականություն դարձնելու։ Նրանք իրենց շահն են սպասարկում․ եթե այս պահին հարմար է, որ դիմեն ռազմական սադրանքի, դիմելու են, եթե վաղը պետք լինի խաղաղության կոչ անել, ամենաբարձրը իրենք են գոռալու, որ խաղաղության կողմնակից են։
- Ռուսաստանը, տարածաշրջանում խաղաղության երաշխիք լինելով, հենց ինքն է հիմա պատերազմի մեջ։ Ինչքանո՞վ են կապված Ադրբեջանի վերջին հարձակումները Ռուսաստանի գործողությունների հետ։
- Ռուսաստանը գերտերության, աշխարհի բազմաբևեռ ձևավորման հայտ է ներկայացնում, բայց նա չի համապատասխանում իր ամբիցիաներին։
Ահռելի մեծ, միջուկային գերտերություն Ռուսաստանը հարձակվելով փոքր Ուկրաինայի վրա՝ խնդիրների առջև է կանգնել։ Սա հնարավորություն է տալիս Ադրբեջանին, որպեսզի նա զորք կուտակի նաև արցախյան ճակատում։
Եթե Ռուսաստանը կարճ ժամանակում հաջողություններ ունենար, իր նպատակները լուծեր Ուկրաինայում, այստեղ, հավանաբար, նման զարգացումներ չէինք տեսնի, բայց, քանի որ ձգձգում է, և ռուսական կողմը ոչ շահեկան վիճակում է հայտնվում, դրանից փորձելու են օգտվել ոչ միայն ադրբեջանցիները. յուրաքանչյուր պետություն իր խնդիրն է առաջ տանելու, իր շահն է սպասարկելու՝ հաշվի առնելով նոր իրողության հետ․ այն է՝ Ռուսաստանի թուլության դրսևորումները։
- Ի վերջո, ի՞նչ է հետապնդում Ադրբեջանը։
- Ես չեմ բացառում ռազմական էսկալացիան կամ նոր պատերազմի սկիզբը, չնայած՝ մենք պատրաստ չենք, մեր մարտունակությունը չենք բարձրացնում, ոչ մի հարց չենք լուծում։ Ոնց կար, այդպես մնացել է, մեր հույսը դրել ենք Ռուսական կողմի վրա։
Ոսկեհատ Պողոսյան