Բուքինգհեմյան պալատում Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին մեծություն Եղիսաբեթ Երկրորդին: Այս մասին հայտնում է ՄԹ-ում Հայաստանի դեսպանությունը:
Հանդիպմանը դեսպանը շնորհավորել է թագուհուն գահակալման «պլատինե» հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ: Դեսպանն ընդգծել է իր հանձնառությունը՝ հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությունը, որին ներկա են եղել ՄԹ արարողակարգի ղեկավար, Մարշալ Ալիսթր Հարիսոնը, Ֆորին Օֆիսի պաշտոնյաներ, ՄԹ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բրիտանացի խորհրդարանականներ, հոգևորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ալիսթր Հարսոնն իր ողջույնի խոսքում շնորհավորել է դեսպանին հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ: Դեսպան Ներսեսյանն իր ելույթում նշել է, որ այս տարին ՀՀ և ՄԹ համար խորհրդանշական է, քանզի վերջիններս տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը, ինչը կարևոր հանգրվան է հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդելու և համագործակցության հեռանկարային ոլորտներ ուրվագծելու համար:
Այնուհետև դեսպանը հակիրճ ներկայացրել է 3 տասնամյակների ընթացքում երկկողմ փոխգործակցության ձեռքբերումներն ու ապագա անելիքները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը՝ բարձր գնահատելով ՄԹ կառավարության աջակցությունն այդ գործընթացներին: