ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Varieties of Democracy-ի հրապարակած՝ 2022թ․ ժողովրդավարության զեկույցին, ընդգծելով, որ Հայաստանի համար այնտեղ շատ կարևոր արձանագրումներ կան։
Նրա խոսքով՝ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ՝ որպես ընտրական ժողովրդավարություն։
Վարչապետի մեկնաբանմամբ՝ դա նշանակում է, որ ժողովրդավարության առումով երկրում դասակարգման փոփոխություն է տեղի ունեցել․ «Այսինքն, նույնսիկ 2018-ի ոչ բռնի հեղափոխությունից հետո, այդ կազմակերպությունը շարունակում էր ՀՀ-ն դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր, որը նշանակում է՝ կար ավտորիտար համակարգ, որն ընտրական պրոցեսն օգտագործում է՝ սեփական վերարտադրությունը կազմակերպելու համար»։
Նոր բնորոշումը, Փաշինյանի խոսքով, նշանակում է, որ իշխանությունները ձևավորվում են ընտրությամբ, և վերջինս ոչ թե իշխանության վերարտադրության գործիք է, այլ՝ իշխանության ձևավորման։
Նա ընդգծեց. «2021-ին կայացած ԱԺ ընտրություններով ՀՀ-ն մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա», ինչը չի նշանակում, թե երկրում ժողովրդավարությունը կատարյալ է․ այն ՀՀ կառավարության համար մնում է առաջնահերթություն»։