Քաղաքական

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց հակածխախոտային օրինագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց հակածխախոտային օրինագիծը

Ազգային ժողովը մարտի 9-ին հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պարզաբանել է, որ առաջարկվում է հստակեցնել «Ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը:

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով  նախատեսված է «Ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը, ըստ որի՝ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ է ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային (էլեկտրականություն կամ մարտկոցներ) եղանակով աշխատող արտադրանքը (քարթրիջով կամ տարայով), որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ:

Փոխնախարարը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի շուկայում նոր արտադրատեսակների առկայությունը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը և վերոնշյալ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «լուծույթի»  բառից հետո ավելացնել «, նյութի» բառը:

«Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է Արամ Վարդևանյանը՝ հայտնելով, որ խմբակցությունը նախագծին ձեռնպահ է քվեարկելու:

Առաջարկի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը փոխանցել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա հայտնել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը դիրքորոշում չի հայտնել:

Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

ԱԺ որոշմամբ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպվել է հատուկ ընթացակարգով՝ այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո քսանչորս ժամվա ընթացքում:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ  գլխադասային հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ  մինչև երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական որոշ շտկումներ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է նախաձեռնությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական