Քաղաքական

Իրավիճակից օգտվելով՝ հայկական կողմից փորձելու են զիջումներ կորզել. Վարդան Հարությունյան

Իրավիճակից օգտվելով՝ հայկական կողմից փորձելու են զիջումներ կորզել. Վարդան Հարությունյան

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը երեկ հայտարարել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը ՀՀ կառավարության օրակարգային առաջնահերթություններից է։

Radar Armenia-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով այս հայտարարությանը, կարծիք հայտնեց՝ «Ինձ համար մի բան հաստատ է՝ մենք մեր հարևանների հետ պետք է ունենանք պայմանավորվածություններ, հստակեցված պայմանագրեր, որ ապագայում չլինեն այնպիսի հակասություններ, ինչպիսիք ունեցանք վերջին շրջանում»։

Վարդան Հարությունյանը նշեց՝ գաղտնի է պահվում, թե ինչ պայմանագրի մասին են խոսում ՀՀ արտգործնախարարությունը կամ ադրբեջանական կողմը, մինչդեռ հանրությունը պետք է տեղեկանա. «Խաղաղությունը վերաբերում է ժողովուրդներին. ես չեմ հասկանում՝ ինչու են ժողովրդից գաղտնի քննարկում։ Կարծում եմ՝ պետք է քննարկումներն էլ լինեն բաց խողովակներով։ Բայց որ պետք է լինեն պայմանագրեր, որոնք կկանխեն ապագա կրակոցները, պատերազմները, անպայման է»։

Իրավապաշտպանն ընդգծեց՝ եթե մեր իշխանությունները լիենին խելամիտ և գնային երկխոսության՝ 44-օրյա պատերազմից առաջ, չլինեին «ոչմիթիզական» ու չհասցնեին պատերազմի և պարտության, ապա ՀՀ-ն խաղաղության պայմանագրի համար փոխզիջման առաջարկ կունենար։

Նրա խոսքով. «Ես չգիտեմ՝ հիմա մեզնից ինչ են պահանջում՝ խաղաղության պայմանագրի դիմաց, չգիտեմ՝ ՀՀ իշխանությունն իր համար դրված ինչ սահմաններ ունի, որ չի հատի, և ինչ սահմաններ կան, որ հատելու է։ Բայց որ մեզանից փորձելու են զիջումներ կորզել՝ օգտվելով իրավիճակից, կասկած չկա։ Թե հայկական կողմը որքանով կկարողանա խուսանավել և հնարավորինս քիչ զիջումներ անել, այլ խնդիր է։ Մինչև 44-օրյա պատերազմը մենք կարող էինք գնալ փոխադարձ զիջումների և հասնել փաստաթղթի ստորագրման։ Այժմ մեզ համար լավ տարբերակներ չկան. կարող է լինել կա՛մ վատ, կա՛մ շատ վատ տարբերակ։ Հիմա մնում է, որ գոնե շատ վատ տարբերակը չընտրենք»։

Հարությունյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը փորձելու է պահանջել, որ ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իրավապաշտպանը կարևորեց, որ այժմ բարդ շրջան է նաև տարածաշրջանում, ինչին ևս պետք է ուշադրություն դարձնել որոշումներ կայացնելիս։

Ըստ Հարությունյանի. «Պետք է հասկանալ, որ մենք ապրում ենք շատ բարդ ժամանակաշրջանում, լուրջ պատերազմ է ընթանում, և մեր անելիքները պետք է դիտարկենք նաև այդ կոնտեքստում։ Արդեն 10 օրից ավելի է՝ ապրում ենք նոր աշխարհում, և եթե հանկարծ փոփոխություններ լինեն ու առնչվեն մեր տարածաշրջանին, ապա մենք կարող ենք կորցնել շատ ավելին, քան կարող ենք պատկերացնել։ Սա պետք է հասկանան մարդիկ, որոնք կռիվ են տվել իշխանության գալու համար, իսկ իշխանությունը միայն հաճույքների համար չէ, այլև այս բարդագույն խնդիրները լուծելու։ Մեր գերխնդիրը պետք է լինի ՀՀ պետականության պահպանումը այս տարածաշրջանում»։
 
Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական