Քաղաքական

Արդյունավետ աշխատելու համար նախագահի լիազորությունները բավարար են. Խոսրով Հարութունյան

Արդյունավետ աշխատելու համար նախագահի լիազորությունները բավարար են. Խոսրով Հարութունյան

Մարտի 3-ին Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրեց Վահագն Խաչատուրյանին։ Radar Armenia-ն այս թեմայով զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարութունյանի հետ։

- Պարո՛ն Հարությունյան, Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիր ունի լուծելու նախագահը։

- Մենք, ցավոք սրտի, որպես պետության սահմանադրական կարգի երաշխավորի՝ նախագահի ինստիտուտի կայացմանն ականատեսը չենք եղել նախկին նախագահի օրոք։ Իսկ նախկին նախագահը չկարողացավ կամ չցանկացավ։ Ինձ թվում է, որ նա ունակ չէր, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություները արդյունավետ կիրառել այս բարդ զարգացումների պայմաններում և պահպանել Սահմանադրական կարգը Հայաստանում: Ես կարծում եմ, որ մեզանում Սահմանադրական կարգը վտանգված է, և նորանշանակ նախագահի առաքելությունը կայանում է հենց դրանով՝ սեփական վարքով, քաղաքական և քաղաքացիական մոտեցմամբ, իրավական խնդիրների վերաբերյալ պատասխանատու վերաբերմունքով փորձել վերականգնել Հայաստանում Սահմանադրական կարգը։ Ես նկատի ունեմ՝ իշխանությունների լիարժեք տարանջատման և հակակշռման սկզբունքի իրականցումը, որ իշխանության թևերից որևիցե մեկը, առավել ևս գործադիրը, չկարողանա ներհանրային կյանքում դառնալ դոմինանտ դերակատարում ունեցող. սա ամենալուրջ խնդիրն է, որն այսօր կանգնած է մեր առջև։

- Այդ խնդիրները լուծելու համար լիազորությունները բավարար են, թե ոչ։ Կարելի՞ է ասել, որ նախագահի լիազորությունները սահմանափակ են։

- Սահմանադրական կարգը իշխանության թևերի միջև սահմանադրական հարաբերությունները պահպանելու համար հանրապետության նախագահին վերապահել է բավական լուրջ լիազորություններ։ Միգուցե մեկ-երկու լիազորություն վերանայվի, ես դա չէի մերժի, բայց այսօր այն իրավասությունը, որ Սահմանդրությամբ վերապահված է հանրապետության նախագահին, միանգամայն բավարար է։ Պետական իշխանության կազմակերպումը այդ առանցքային սկզբունքի իրացման առումով մենք այստեղ տապալել ենք և շարունակում են տապալել՝ չգիտակցելով դրա կործանարար հետևանքները՝ թե՛ քաղաքացիական հասարակության համար, թե՛ ժողովրավարական ավանդույթների ձևավորման համար։ Սահմանադրության եղած բոլոր լիազորությունները, որոնք վերապահված են հանրապետության նախագահին, իրավասությունը արդյունավետ իրացնելու համար բավարար են։ Դա չի նշանակում՝ լրացուցիչ վերանայման անհրաժեշտություն չկա, բայց դա նշանակում է, որ եղածը նախևառաջ պետք է արդյունավետ օգտագործել։ Նախկին նախագահը հեռանալուց ասում էր՝ ես հեռանում եմ, որովհետև իմ լիազորությունները բավարար չեն իմ ֆունկցիաները արդյունավետ իրացնելու համար։ Ես դա մերժում եմ և նորանշանակ նախագահի համար մեկ խնդիրն է իր քայլերով վերականգնել Սահմանադրական կարգը Հայաստանում։

- Նորընտիր նախագահը խոսում էր չեզոքությունից, արդո՞ք իշխանության առաջադրած թեկնածուն կկարողանա չեզոք լինել։

- Նախ, պետք է հասկանանք՝ չեզոք ասելով ինչ ենք հասկանում։ Եթե չեզոք ասելով հասկանում ենք որևէ քաղաքական ուժի չհարելու, չհամակրելու կամ որևէ քաղաքական ուժի հայեցակարգային մոտեցումները չպաշտպանելը, դա ուրիշ հարց է։ Եթե մենք չեզոքություն ասելով հասկանում ենք, որ որևիցե մեկի հետ նա մտերմություն չանի, որովհետև շատերը այդպես են հասկանում, դա բոլորովին այլ բան է։ Չեմ կարծում, որ Խաչատուրյանին կհաջողվի շատ չեզոք մնալ իր համակրանքում ՀԱԿ-ի նկատմամբ, և դա օբյեկտիվ է։ Եթե խոսքը գնում է կուսակցական չեզոքության մասին, դա ուրիշ բան է։ Իհարկե, նա պետք է աշխատի, դրա համար նա պետք է լինի ոչ թե չեզոք, այլ նվիրված Սահմանադրությանը, պետությանը, պետական կառավարման համակարգին, սահմանադրորեն սահմանված ընթացակարգին։ Դա կլինի իրական նվիրվածություն և քաղաքական կամ կուսակցական չեզոքություն։

- Ընդդիմությունը կարծես չի ցանկանում աշխատել նրա հետ. օրինակ՝ «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը նշել է, որ չի պատկերացնում համատեղ աշխատանքը: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է, թե ոչ։

- Ես հասկանում եմ ընդդիմությանը և միանգամայն ըմբռնումով եմ վերաբերում ընդդիմության այդ դիրքորոշմանը, որովհետև մինչ հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելը, Նիկոլ Փաշինյանը բանաձևեց, թե ինչպիսին այդ թեկնածուն պետք է լինի։ Նա ասաց, որ պետք է լինի ներդաշնակ իշխանությանը և այդ կոնտեքստում, բնական է, որ ընդդիմությունը չի կարող համաձայնվել կամ ընդունել նման մոտեցումը։ Նա Փաշինյանի կառավարությունում աշխատում էր նախարար, ո՞նց կարող է նա չեզոք լինել։ Իշխանությունն է նրան առաջադրել, հետո կարող է նաև հետ կանչել։ Այս պայմաններում խոսել չեզոքությունից, շատ դժվար կլինի, և կարծում եմ, որ պարոն Վարդևանյանը այս հանգամանքը նկատի ունի։

 

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական