ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խորհրդարանում Հանրապետության նախագահի ընտրության ժամանակ անդրադարձավ ընդդիմադիրների բոյկոտին։ Նա հիշեցրեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները 2021թ. ԱԺ ընտրություններին միասին ստացել են ավելի քան 300 հազար քվե. «Միթե՞ հենց իրենց ընտրողների մեջ կամ իրենց ընտրողներից դուրս 300 հազար քաղաքացիների մեջ ընդդիմությունը չգտավ մի թեկնածու, որը կարող էր լինել հենց իրենց թեկնածուն։ Չգտա՞վ, թե չցանկացա՞վ»։
Ըստ Կոնջորյանի` «Ընդդիմության առաջադրած ցանկացած թեկնածու պիտի լուսաբանվեր, պիտի նաև առաջնորդություն ստանձներ։ Իսկ դա, գուցե, կշարժեր կոնկրետ մարդկանց կամ մարդու ներքին խանդերը, և դրա համար մենք այսօր չունենք ընդդիկմության թեկնածու»։
Ընդդիմադիրների օգտին քվեարկած քաղաքացիներին դիմելով՝ Հայկ Կոնջորյանը նշեց. «ՀՀ-ի ամենակարևոր քաղաքական գործընթացի մեջ դուք ներկայացված չեք։ Ընդդիմությունը 300 հազար քաղաքացու մանդատը խլել է, ստացել է մանդատ, որ ներկայացնի այդ քաղաքացիներին, բայց չի ներկայացնում»։