ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն, ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է գերիների վերադարձի խնդրին։
Ըստ Խաչատուրյանի՝ «Լուծումները պետք է լինեն բանակցությունների արդյունքում՝ հասկանալով դիմացինի նպատակները»։ Նա նշեց, որ Կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է այդ հարցը։ Եվ, իհարկե, ՀՀ նախագահը այդ հարցում իր անելիքն ունի, որը պետք է համակցվի ընթացիկ գործերին. «Նախագահական ինստիտուտի հնարավորությունները պարտավոր ենք օգտագործել միջազգային հարթակներում, առանձին պետությունների նախագահների հետ հանդիպումներում և օր առաջ գերիներին վերադարձնել»։
Խաչատուրյանը նաև հիշեցրել է, թե ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ինչպես են փորձել լուծել այդ խնդիրները. «Եթե պետության ինստիտուտները համատեղ աշխատում են, և նրանց գործողությունները համակարգվում է՝ առավել ևս այդպիսի զգայուն թեմայի հետ կապված, դա իր արդյունքը կտա, որովհետև նույն 90-ականներին սկզբնական շրջանում որոշակի խնդիրներ ունեինք. համագործակցության բացակայություն կար։ Այն մարդիկ, ովքեր 90-ականներին աշխատել են պետական համակարգում, տեղյակ են, որ այդ աշխատանքը պահանջում է համակարգվածություն՝ մի տեղից կառավարում։ Այնպես, որ իմ պատասխանը միանշանակ է, որ ՀՀ նախագահը այդ հարցում շատ անելիք ունի»։